Օտար օրիորդ և հայ պատանի
1862
Օտարուհին ինձ ասաց. «Հե՞ր ես լալիս, արցունքը
Հեղեղի պես ինչո՞ւ են ոռոգում քու աչքունքը,
Քու տըրտմության ճար ունիմ, կըփարատեմ քու դարդը,
Թըշիս վըրա չե՞ս տեսնում փայլած շուշանն ու վարդը»։
— Զուր մի՛ ջանար, սիրական, իմ դարդը չես փարատիլ,
Հոգիս հոգսից, ցավերից չես փըրկիլ, չես ազատիլ.
Թո՛ղ իմ աչքից հեղեղա արտասունքի աղբյուրը,
Արտասունքն է լըվանում սըրտի խոր-խոր ցավերը։
Օտարուհին ինձ ասաց. «Տե՛ս, հասել է գարունը,
Դաշտերի մեջ բացվել են հազարերանգ ծաղկունքը,
Իջնենք դաշտը, օդ քաշենք, ծաղկունք քաղե՛, փունջ փընջե՛,
Հայրենիքիդ կարոտն ա՛ռ, որ թախիծ քեզ չի տանջե»։
— Հայրենիքիս կարոտը ձեր դաշտիցը չեմ առնիլ,
Սառ Հյուսիսում՝ երկինքը Հայաստանի չեմ տեսնիլ,
Ուր բյուր պատիկ ցոլուն են արեգակի շողերը,
Կենսատու է անձրևը, մեղրածին են ցողերը։
Օտարուհին ինձ ասաց. «Մոռացի՛ր քու հայրենիք,
Քու հայրենին այնտեղ է, ուր սիրում են քեզ մարդիկ.
Տե՛ս արևին, նա պայծառ չէ՞ շողշողում Հյուսիսում.
Հայաստանը կորել է, խե՜ղճ, դու ցընորք ես ուզում»։
— Սուտ են, սուտ քո զըրույցքը, Հայաստանը չէ՛ կորած,
Նա այնտեղ է, ուր Եփրատ ու Տիգրիսն են գըրկված,
Ուր Երասխը մըրմունջով հուզած ջուրն է գըլորում։
Ուր Մասիսի գագաթը ամպերից ցած է նայում,
Ուր փայլում է արեգը իր կուսական շողերով,
Ուր ջըրում է երկինքը երկիրն զով ցողերով,
Ուր որ չի կա բորեաս, չիկա շիմուն ու խորշակ,
Օդը շունչ է հրեշտակի, ջուրը մեղր է անուշակ…
Հայաստանը կա՛… ավա՜ղ, խոպանացած, ամայի,
Եվ կըծաղկի, երբ նորից ծըծե քըրտինքը Հայի…
Նորա ստինքը համառ է, չի կերակրում օտարին,
Օտարն խաբված ասում է «շիջավ աստղը հայերին»։
Բայց ի՞նչ, դու չես հասկանալ իմ սըրտամաշ դարդերը.
Մի՛ ջանար, ինձ չեն սփոփիլ թըշիդ փայլուն վարդերը։
Իմ տըրտմության ցավակից խանդաղակաթ գըրկելով,
Օտարուհին ինձ տվեց գավաթը լի գինիով.
Երկնակապույտ աչերը անթարթ աչերիս հառած,
Լաց ու ժըպիտ երեսին՝ նա մեղմ ձենով ինձ ասաց.
«Խըմե՛ գինի, պատանի, ի հիշատակ այն երկրին,
Որ սըրտամաշ կարոտով կոչում ես քու հայրենին.
Պարզե՛ ազնիվ ճակատըդ, զըվարթացի՛ր, ոգի առ,
Հուսակըտուր այդ դեմքով խըղճալի մի՛ ձևանար.
Ձյունաթաղ ու կիսամեռ դաշտքը գարնային շընչից
Չե՞ն ըսթափում և հառնում մահահանգույն խոր քընից.
Երբ ծագում է արևը՝ մըռայլը չի՞ հալածվում,
Մեռած բնությունն դեպի նոր կյանք նա չի՞ վերածում,
Դե՜հ, պատանի, քա՛ջ եղիր, խըմե՛ գինի, երգ երգե՛,
Տերն է որբոց օգնական, նա քու ազգըն էլ կըփըրկե»։
Օտարուհին ինձ ասաց. «Հե՞ր ես լալիս, արցունքը
Հեղեղի պէս ինչո՞ւ են ոռոգում քո աչքունքը,
Քու տըրտմութեան ճար ունիմ, կը փարատեմ քու դարդը,
Թըշիս վրայ չե՞ս տեսնում փայլած շուշանն ու վարդը»։
— Զուր մի՛ ջանար, սիրական, իմ դարդը չես փարատիլ,
Հոգիս հոգսից, ցաւերից չես փրկիլ, չես ազատիլ.
Թո՛ղ իմ աչքից հեղեղայ արտասունքի աղբիւրը,
Արտասունքն է լուանում սրտի խոր-խոր ցաւերը։
Օտարուհին ինձ ասաց. «Տե՛ս, հասել է գարունը,
Դաշտերի մէջ բացուել են հազարերանգ ծաղկունքը,
Իջնենք դաշտը, օդ քաշենք, ծաղկունք քաղէ՛, փունջ փընջէ՛,
Հայրենիքիդ կարօտն ա՛ռ, որ թախիծ քեզ չի տանջէ»։
— Հայրենիքիս կարօտը ձեր դաշտիցը չեմ առնիլ,
Սառ Հիւսիսում՝ երկինքը Հայաստանի չեմ տեսնիլ,
Ուր բիւր պատիկ ցոլուն են արեգակի շողերը,
Կենսատու է անձրեւը, մեղրածին են ցօղերը։
Օտարուհին ինձ ասաց. «Մոռացի՛ր քու հայրենիք,
Քու հայրենին այնտեղ է, ուր սիրում են քեզ մարդիկ.
Տե՛ս արեւին, նա պայծառ չէ՞ շողշողում Հիւսիսում.
Հայաստանը կորել է, խե՜ղճ, դու ցնորք ես ուզում»։
— Սուտ են, սուտ քո զրոյցքը, Հայաստանը չէ՛ կորած,
Նա այնտեղ է, ուր Եփրատ ու Տիգրիս են գըրկուած,
Ուր Երասխը մըրմունջով յուզած ջուրն է գլորում։
Ուր Մասիսի գագաթը ամպերից ցած է նայում,
Ուր փայլում է արեգը իր կուսական շողերով,
Ուր ջրում է երկինքը երկիրն զով ցօղերով,
Ուր որ չի կայ բորէաս, չի կայ շիմուն ու խորշակ,
Օդը շունչ է հրեշտակի, ջուրը մեղր է անուշակ…
Հայաստանը կա՛յ… աւա՜ղ, խոպանացած, ամայի,
Եւ կը ծաղկի, երբ նորից ծծէ քրտինքը Հայի…
Նորա ստինքը յամառ է, չի կերակրում օտարին,
Օտարն խաբուած ասում է «շիջաւ աստղը հայերին»։
Բայց ի՞նչ, դու չե՞ս հասկանալ իմ սըրտամաշ դարդերը.
Մի՛ ջանար, ինձ չեն սփոփիլ թըշիդ փայլուն վարդերը։
Իմ տըրտմութեան ցաւակից խանդաղակաթ գրկելով,
Օտարուհին ինձ տուեց գաւաթը լի գինիով.
Երկնակապոյտ աչերը անթարթ աչերիս յառած,
Լաց ու ժպիտ երեսին՝ նա մեղմ ձէնով ինձ ասաց.
«Խմէ՛ գինի, պատանի, ի յիշատակ այն երկրին,
Որ սրտամաշ կարօտով կոչում ես քու հայրենին.
Պարզէ՛ ազնիւ ճակատըդ, զուարթացի՛ր, ոգի առ,
Յուսակտուր այդ դէմքով խըղճալի մի՛ ձեւանար.
Ձիւնաթաղ ու կիսամեռ դաշտքը գարնանային շընչից
Չե՞ն սթափւում եւ յառնում մահահանգոյնխոր քընից.
Երբ ծագում է արեւը՝ մռայլը չի՞ հալածւում,
Մեռած բնութիւնն դէպի նոր կեանք նա չի՞ վերածում,
Դե՜հ, պատանի, քա՜ջ եղիր, խմէ՛ գինի, երգ երգէ՛,
Տէրն է որբոց օգնական, նա քու ազգն էլ կը փըրկէ»։