Անցնել բովանդակությանը

Իմ սոխակին

1862

Սոխակ, ինչո՞ւ դադրեցար քու անուշ երգն երգելից, Որ քամում էր արտասունք շատ իմ էրված աչերից. Մի՞տքդ է երբ ծագում էր արշալույսը գարնային, Քանի՞ դու միտըս բերիր իմ առարկան ցանկալին… Այն հիշատակն անուշ էր, ինչպես երազ վաղանցիկ, Որ գե՛թ վայրկյան թըշվառին դարձնում էր նա երջանիկ. Համակ աշխարհ մոռացած, ունկըս քու ձենին հառած, Մըտքով թըռչում էի ես իմ հայրենին կարոտած… Գիտեմ, դու էլ ես կարոտ մըշտագարուն այն դըրախտին, Որից հեռու մեզ չիկա քաղցըր ժըպիտ մեր բաղդին։ Ո՞վ կուտա ինձ թևք թըռչնի, որ խոյանան, սլանան, Օդն ու ամպերը ճեղքեն ու տանին ինձ Հայաստան. Թե նորա օդը շընչեմ, այն կենսատու սուրբ օդից — Գիտեմ, փըրկվելու եմ՝ անբուժելի իմ ցավից… Գարունն անցավ, ա՜խ սոխակ, խոսուն լեզվիդ կապ դըրավ Ու խեղճ վարդի թերթկի հետ շարականըդ էլ տարավ։ Կըբանամ դուռը վանդակիդ, ազատություն քեզ կուտամ, Բայց աղաչում եմ քեզի, թըռի՛ր դեպի Հայաստան. Վարդ ես ուզում՝ այնտեղ է, անամպ երկինք, մեղմ հովեր, Ճաճանչափայլ արեգակ, կարկաչահոս առուներ։ Ես էլ քեզ պես կարոտ եմ բնության պայծառ օրերին, Մեգ, մառախուղ, հեղձուկ օդն հաշեց մաշեց իմ հոգին. Փըչեց հողմը Հյուսիսին, փոշին երկինք բարձրացուց, Կըտրի վըրայից ագռավը խըռպոտ ղաղան հնչեցուց. Ահա՛ Հյուսիսի սոխակն, ահա՛ Հյուսիսի այեր… Ի՞նչ եք կորցրել Հյուսիսումն, ա՛յ խելացնոր խեղճ հայեր… Ա՜խ, ես ատել եմ նորա կյանք ու վայելքը պատիր, Տվե՛ք օդը իմ երկրին, դալար դաշտն ու վարդ կարմիր։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Իմ սոխակին» բանաստեղծությունը (1862) պանդխտության և կարոտի մասին։

Հյուսիսի մեգ ու մառախուղի մեջ լռած սոխակին բանաստեղծը վանդակի դուռն է բացում մեկ պայմանով՝ թռիր Հայաստան։ Թռչունի կարոտը իրենն է՝ անամպ երկինք, կենսատու օդ, կարմիր վարդ, և վերջին տողերում ագռավի ղաղանը հյուսիսի սոխակն է դառնում, իսկ հայերին հարցնում է, թե ինչ են կորցրել այստեղ։

Ստեղծագործությունը պարունակում է 28 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1862 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 28