Աղասու մոր երգը
1862
Նվեր Խաչատուր Աբովյանի անմահ հիշատակին
Զարթի՛ր, մանուկ իմ նազելի, բա՛ց այդ պայծառ աչերը,
Թերթերունքեդ քունը թոթվե՛, գիրկը հանգի՛ր քու մորը.
Բա՛վ քեզ որքան բարի հրեշտակք հեքիաթ ասին երազում,
Այժմ արի՛ քեզ այն պատմեմ, ինչ պիտ տեսնես աշխարհում։
Զարթի՛ր, որդյակ, քանի՞ քընես,
Բա՛ց աչերըդ այդ նախշուն,
Ուր որ մայրըդ յուր բախտ, փառքը,
Կյանք ու արևն է տեսնում։
Դուն կըմեծնաս, բոյ կը քաշես,— չինար բոյիդ ես ղուրբան,—
Քեզ ուժ կուտան Մասսի քաջքը, որ դու լինիս քաջ Վարդան.
Իմ մատներով մի ոսկեթել մեջքիդ գոտի եմ կարել,
Գոտիիցըդ թուր կը կապեմ, այն էլ ինքս եմ սըրել։
Զարթի՛ր, որդյակ, քանի՞ քընես,
Բա՛ց աչերըդ այդ նախշուն,
Ուր որ մայրըդ յուր բախտ, փառքը,
Կյանք ու արևն է տեսնում։
Մեր բակումը ձի է կայնած՝ քեզ է մընում անհամբեր,
Զարթի՛ր, որդյակ, քանի՞ քընես, ա՛ռ քու թուրը մահաբեր.
Քու Հայ ազգը հեծեծում է, ձեռքը, ոտքը շըղթայած,
Քու եղբարքը գերության մեջ… քա՛ջ, միայն դո՞ւ ես քընած…
Զարթի՛ր, որդյակ, քանի՞ քընես,
Բա՛ց աչերըդ այդ նախշուն,
Ուր որ մայրըդ յուր բախտ, փառքը,
Կյանք ու արևն է տեսնում։
Չէ՛, իմ որդին շուտ կըզարթի, ձին կըհեծնե սանձակոծ,
Հայի արցունքը կըսրբե, կըդադրացնե լաց ու կոծ.
Հա՛յ եղբայրներ, քի՛չ էլ կացեք, իմ Աղասին զարթեցավ,
Գոտին կապեց, թուրը կախեց ու իր նըժույգ ձին նըստավ։
Զարթի՛ր, մանու՛կ իմ նազելի, բա՛ց այդ պայծառ աչերը,
Թերթերունքէդ քունը թոթուէ՛, գիրկը յանգիր քու մօրը.
Բաւ քեզ որքան բարի հրեշտակք հեքեաթ ասին երազում,
Այժմ արի՛ քեզ այն պատմեմ, ինչ պիտ տեսնես աշխարհում։
Զարթի՛ր, որդեակ, քանի՞ քընես,
Բա՛ց աչքերդ այդ նախշուն,
Ուր որ մայրդ իւր բախտ, փառքը,
Կեանք ու արեւն է տեսնում։
Դուն կը մեծանաս, բոյ կը քաշես, չինար բոյիդ ես ղուրբան,
Քեզ ուժ կու տան Մասսի քաջքը, որ դու լինիս քաջ Վարդան.
Իմ մատներով մի ոսկեթել մէջքիդ գօտի եմ կարել,
Գօտիիցըդ թուր կը կապեմ, այն էլ ինքըս եմ սրել։
Զարթի՛ր, որդեակ, քանի՞ քընես,
Բա՛ց աչերդ այդ նախշուն,
Ուր որ մայրդ իւր բախտ, փառքը,
Կեանք ու արեւն է տեսնում։
Մեր բակումը ձի է կայնած՝ քեզ է մընում անհամբեր,
Զարթի՛ր, որդեա՛կ, քանի՞ քնես, ա՛ռ քու թուրը մահաբեր.
Քու Հայ ազգը հեծեծում է, ձեռքը, ոտքը շըղթայած,
Քու եղբայրը գերութեան մէջ… քա՛ջ, միայն դո՞ւ ես քընած…
Զարթի՛ր, որդեակ, քանի՞ քնես,
Բա՛ց աչերդ այդ նախշուն,
Ուր որ մայրդ իւր բախտ, փառքը,
Կեանք ու արեւն է տեսնում։
Չէ, իմ որդին շուտ կը զարթի, ձին կը հեծնէ սանձակոծ,
Հայի արցունքը կը սրբէ, կը դադրեցնէ լաց ու կոծ.
Հայ եղբայրներ, քի՛չ էլ կացէք, իմ Աղասին զարթեցաւ,
Գօտին կապեց, թուրը կախեց ու իր նժոյգ ձին նըստաւ։