Անցնել բովանդակությանը

Հայ վիշտը

1879

Գիտեմ, խեղճ հային չեն տալ Հայաստան, Մեզ ազգ կազմելու ամենքն են խափան, Նախանձ, քեն և ահ տիրել է հոգին Դեպի հայերուս շատ ու շատ ազգին։ Թե թուր վերցնեինք՝ մեզ պիտ մորթեին, Ոչ ոք պիտ ելներ պաշտպան խեղճ հային. Երբոր լուռ կերանք մենք խոհեմաբար, Ասին. «Մեռել եք հոգեպես իսպառ»։ Ի՞նչ անենք ուրեմն, ինչպե՞ս փըրկըվինք, Մեզ հալածողեն մենք որտե՞ղ փախչինք. Հայության անվան խարանած կընիք։ Հայի ճակատին կոխել են մարդիկ։ Վեց հարյուր տարի մենք կիսակենդան՝ Կըսողանք տրորած ճըճուի նըման, Փոխան շիջելու նախանձը մարդոց՝ Սաստկացավ, ավաղ, զերդ հրդեհ ու բոց։ Կուզեն որ հայքըս մեր սուրբ հավատք են Հրաժարվինք, ինչպես մահացու մեղքեն, Մեր լեզուն, մեր ծեսք՝ նըշանք ազգության, Երբեք չըհիշվին ի մեջ մարդկության։ Կըրնա՞մ ուրանալ ես իմ պապերուս, «Մորդ ատե՛»— խրատել հարազատ որդուս, Իմ ձեռքով պղծել իմ սուրբ ավազան, Ազգուրացն, ասե՛ք, չէ՞ վայրի գազան։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Հայ վիշտը» բանաստեղծությունը (1879) հայրենիքի և հայոց լեզվի մասին։

Բանաստեղծությունը փակուղի է նկարագրում, որից ելք չի առաջարկում։ Թուր վերցնեինք՝ կմորթեին, լուռ մնացինք՝ ասացին «Մեռել եք հոգեպես իսպառ»։ Վեց հարյուր տարի կիսակենդան սողալուց հետո ուրիշների նախանձը ոչ թե մարել, այլ սաստկացել է։ Վերջին տունը դնում է այն միակ բանը, որ բանաստեղծը հրաժարվում է զիջել՝ հավատքը, լեզուն և ծեսը. «Ազգուրացն, ասե՛ք, չէ՞ վայրի գազան»։

Ստեղծագործությունը պարունակում է 24 տող՝ բաժանված 6 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1879 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 24