Սիրել
1871
Բույլ մը նայվածք, փունջ մը ժպիտ,
Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ։
Ես ուզեցի լուռ մենանալ,
Սիրել փըթիթք՝ խորշեր թավուտ,
Սիրել կայծերն երկնի կապույտ,
Առտըվան շաղն, իրիկվան բալ,
Ճակատագրիս սև գիծ կարդալ,
Խոկալ, սուզիլ, զմայլիլ սուտ։
Ո՜հ, խուրձ մը վարս, եդեմ մը շունչ,
Շրջազգեստ մը շրշեց իմ շուրջ։
Ես ուզեցի լոկ ու մինակ
Սրտակցիլ ջինջ վըտակին հետ,
Հիշատակի չունի նա հետ,
Սիրտ մ՚որո մինչ սուզիմ հատակ,
Գտնեմ զիս հոն տժգույն, հստակ,
Գաղտնիք մ՚ունի — այն՝ անթիվ վետ։
Եթեր մը տրոփ սրտի լսեցի,
Հծծեց — «Կ՚ուզե՞ս սիրտ, ե՛կ ինծի»։
Ես ուզեցի սիրել զեփյուռ
Որ երկնքեն թռչի բեկբեկ,
Նա չի՛ սիրեր խոցել երբեք,
Հոգի՛ մ՚որո գաղտնիքն է բույր,
Գիտե շոյել երազներ բյուր,
Երկնի բույրն հուշ կ՚ածե առ հեք։
Ո՜հ, փունջ մը բոց փըսփըսաց ինձ,
— «Կ՚ուզե՞ս պաշտել հոգի մ՚անբիծ»։
Ես ուզեցի քընարով մի՝
Լոկ սիրել հոս, հոս դալկահար,
Պաշտել, գրկել միայն քընար,
Սիրող էակ ճանչել զանի,
Ըստ իմ քըմաց լարել աղի,
Եվ սրտակցիլ սիրողաբար։
Նե մոտեցավ հուշիկ՝ ըսավ.
— «Քնարդ է ցուրտ սիրտ, և սերդ՝ ցավ»։
Թոթվեց թևերն հոգիս մոլար,
Ճանչեց ըզնե, գեղ ու կըրակ՝
Սիրտն անապակ ինչպես վտակ,
Անմեղ՝ ինչպես սյուք դալկահար,
Հավատարիմ՝ ինչպես քընար,
Հրաժեշտ տըվավ կյանքի մենակ։
Բույլ մը նայվածք, փունջ մը ժըպիտ,
Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ։
Բոյլ մը նայուածք, փունջ մը ժպիտ,
Քուրայ մը խօսք դիւթեց իմ սիրտ։
Ես ուզեցի լուռ մենանալ,
Սիրել փըթիթք՝ խորշեր թաւուտ,
Սիրել կայծերն երկնի կապոյտ,
Առտըւան շաղն, իրիկուան բալ,
Ճակատագրիս սեւ գիծ կարդալ,
Խոկալ, սուզիլ, զմայլիլ սուտ։
Ո՜հ, խուրձ մը վարս, եդեմ մը շունչ,
Շրջազգեստ մը շրշեց իմ շուրջ։
Ես ուզեցի լոկ ու մինակ
Սրտակցիլ ջինջ վըտակին հետ,
Յիշատակի չունի նա հետ,
Սիրտ մ՚որոյ մինչ սուզիմ յատակ,
Գտնեմ զիս հոն տժգոյն, յստակ,
Գաղտնիք մ՚ունի — այն՝ անթիւ վէտ։
Եթեր մը տրոփ սրտի լսեցի,
Հծծեց — «Կ՚ուզե՞ս սիրտ, ե՛կ ինծի»։
Ես ուզեցի սիրել զեփիւռ
Որ երկնքէն թռչի բեկբեկ,
Նա չի՛ սիրեր խոցել երբեք,
Հոգի՛ մ՚որոյ գաղտնիքն է բոյր,
Գիտէ շոյել երազներ բիւր,
Երկնի բոյրն յուշ կ՚ածէ առ հէք։
Ո՜հ, փունջ մը բոց փըսփըսաց ինձ,
— «Կ՚ուզե՞ս պաշտել հոգի մ՚անբիծ»։
Ես ուզեցի քընարով մի՝
Լոկ սիրել հոս, հոս դալկահար,
Պաշտել, գրկել միայն քընար,
Սիրող էակ ճանչել զանի,
Ըստ իմ քըմաց լարել աղի,
Եւ սրտակցիլ սիրողաբար։
Նէ մօտեցաւ հուշիկ՝ ըսաւ.
— «Քնարդ է ցուրտ սիրտ, եւ սէրդ՝ ցաւ»։
Թօթուեց թեւերն հոգիս մոլար,
Ճանչեց ըզնէ, գեղ ու կըրակ՝
Սիրտն անապակ ինչպէս վտակ,
Անմեղ՝ ինչպէս սիւք դալկահար,
Հաւատարիմ՝ ինչպէս քընար,
Հրաժեշտ տուաւ կեանքի մենակ։
Բոյլ մը նայուածք, փունջ մը ժըպիտ,
Քուրայ մը խօսք դիւթեց իմ սիրտ։