Մնաս բարյավ
Առտու մը դեռ մթնշաղ՝
Կըծավալեր շող ու շաղ,
Ծաղկանց մեջ քեզ տեսա ես,
Կըժպտեիր լուսնո պես։
Աչերդ սիրո ատրուշան,
Մատներդ էին գիրգ շուշան,
Այտերդ վարդի նոր թերթեր,
Նայվածքեդ ծներ նոր եթեր։
Սիրտս թռա՜վ ոտքիդ տակ,
Սիրեցի քեզ, իմս հրեշտակ…
Սիրով եղան ձյուն մազեր,
Ըսին՝ կյանքը երազ էր։
Մինչդեռ դու չես սիրեր զիս,
Մ՚իշխեր գոնե տկար սրտիս.
Ուր որ երթամ, դեմքդ ինձ հետ՝
Նայվածք չէ այդ… մահո՜ւ նետ։
Երբ անտառին խորըն նսեմ
Կերթամ լալ՝ լուռ մենաճեմ,
Դարձյալ հոն կըգտնես զիս,
Տերևներեն կխոսիս։
Երբ առվակին եզերքը՝
Նըստիմ սփոփել իմ վերքը՝
Դարձյալ դու կըգտնես զիս,
Ալյաց մեջեն կժպտիս։
Երբ լեռները կըփախչիմ,
Որ չտեսնեմ քեզ, հանգչիմ,
Հողմույն մեջեն կըխոսիս,
Թե՝ դու բնավ չես սիրեր զիս։
Լուսնի լույսով գիշերը
Երբ ցողեն իմ աչերը,
Դարձյալ դու կըգտնես զիս,
Աստղերուն մեջ կըժպտիս։
Իսկ գերեզման երբ մտնեմ,
Քեզ հոն պիտի չգտնեմ…
Մնաս բարյա՜վ… հայուհիս,
Անգո՜ւթ, արցունք մ՚ալ չունիս։
Առտու մը դեռ մթնշաղ՝
Կը ծաւալէր շող ու շաղ,
Ծաղկանց մէջ քեզ տեսայ ես,
Կը ժպտէիր լուսնոյ պէս։
Աչերդ սիրոյ ատրուշան,
Մատներդ էին գիրգ շուշան,
Այտերդ վարդի նոր թերթեր,
Նայուածքդ ծնէր նոր եթեր։
Սիրտըս թռա՜ւ ոտքիդ տակ,
Սիրեցի քեզ, իմս հրեշտակ…
Սիրով եղան ձիւն մազեր,
Ըսին՝ կեանքը երազ էր։
Մինչդեռ դու չես սիրեր զիս,
Մ՚իշխեր գոնէ տկար սրտիս.
Ուր որ երթամ, դէմքդ ինձ հետ՝
Նայուածք չէ այդ… մահո՜ւ նետ։
Երբ անտառին խորըն նսեմ
Կ՚երթամ լալ լուռ մենաճեմ,
Դարձեալ հոն կը գտնես զիս,
Տերեւներէն կը խօսիս։
Երբ առուակին եզերքը՝
Նըստիմ սփոփել իմ վէրքը՝
Դարձեալ դու կը գտնես զիս,
Ալեաց մէջէն կը ժպտիս։
Երբ լեռները կը փախչիմ,
Որ չտեսնեմ քեզ, հանգչիմ,
Հողմոյն մէջէն կը խօսիս,
Թէ՝ դու բնաւ չես սիրեր զիս։
Լուսնի լոյսով գիշերը
Երբ ցօղեն իմ աչերը,
Դարձեալ դու կը գտնես զիս,
Աստղերուն մէջ կը ժպտիս։
Իսկ գերեզման երբ մտնեմ,
Քեզ հոն պիտի չգտնեմ…
Մնաս բարեա՜ւ… հայուհիս,
Անգո՜ւթ, արցունք մ՚ալ չունիս։