Իղձք առ Հայաստան
1869
Երբոր ցողին փաղփուն շիթերն գիշերվան
Խոտի, թերթի, ծաղկի վըրա կը շողան,
Երկինքն երբոր աստղեր փալփլին գիշերը՝
Ցայտեն արցունք, կայծ իմ ցաված աչերը.
Ի՜նչ, Հայաստա՛ն, քեզ մոռնա՜լ…
Երբե՛ք, այլ սև նոճի մ՚ըլլալ, քեզ շո՛ւք տալ։
Զ՚իս աստղազարդ երկին սփոփել չ՚է կարող,
Մասյաց սարին արտասվալից է նա քող,
Ձեր հիշատակն ինծի համար հեշտագին՝
Նըման կուսին սիրո առջի արցունքին.
Դամբա՛նք, ավե՛րք, Ձեզ մոռնա՜լ…
Երբե՛ք, այլ ուղխ մ՚արցունք ըլլալ, Ձեզ թա՛ց տալ։
Երկաթ, շղթա, զնդան, անդունդք ու վըհեր,
Ամպրոպ ու շանթ, մահվան զանգակ ու ջահեր,
Չ՚է, չ՚են կարող պահ մը Ձեր վառ հիշատակ
Ծածկել սևի ու սոսկումի՝ վեմի տակ.
Ազա՛տ օրե՛ր, Ձեզ մոռնա՜լ…
Երբե՛ք, այլ հուր մ՚ըլլալ և Ձեզ Հայո՛ւն տալ։
Զվարթ բնության այն կամարներն ծաղկահյուս,
Բույր, կայծ ու գեղ, նայվածք, ժըպիտ սիրուհվույս,
Անուշ հովեր, արծաթ ալիք վըտակին
Ձեր հուրն սրտես պահ մը առնել չը կրցին.
Փառա՛ց օրեր, Ձեզ մոռնա՜լ…
Երբե՛ք, պատրույգ մ՚ըլլալ այլ Ձեզ, ու լո՛ւյս տալ։
Արշալույսին տժգույն աստղեր երբ փալփլին,
Գողտըր գեղգեղ վարդակարոտ բուլբուլին,
Բնության դաշնակք, ո՜հ չ՚են կրնար նվաճեր
Ձեր հառաչներն որով մռընչեն նոճիներ.
Սև՛ սև՛ օրեր, Ձեզ մոռնա՜լ…
Երբե՛ք, արյուն մ՚ըլլալ և Ձեզ կարմի՛ր տալ։
Թերևս ժպտին Մասյաց մըթին սարերը,
Կամ արտասվին Սիպերիո սառերը,
Բայց սև հոգիք ու սև ճանկեր չ՚են կրնար
Խեղդել իմ ձայնս, փշրել փըշոտ իմ քնար.
Արդարությո՛ւն, քեզ մոռնա՜լ,
Երբե՛ք, այլ սուր մ՚ըլլալ, սրտեր քեզ մուտ տալ։
Մինչ ց՚ե՞րբ գոչեմ, ձայնըս մեկը չը լըսեր,
Հայն յուր ժանգոտ շղթան երբե՛ք չը սարսեր…
Վայրկյան մ՚ինձ հետ դեռ իրավունք չ՚թոթովեց.
Հայն զ՚իս ծաղրեց, և ձայն մը զ՚իս չը թովեց.
…Դեռ կը գոչեմ Ձեզ, Հայե՛ր,
Որ դամբանիս մեջ չը լըսեմ Ձեր վայեր։
Հարուստն ու կղեր թե ազգ ըզգան ու վառին,
Թե «լույս և սեր» Հայ սրտերուն մեջ թառին,
Թե լուսո դարն երկնե «ազատ զավակներ»,
Թ՚եղբայրություն, սիրո վառին կըրակներ,
Թեև ըլլամ ես մեռել,
Դամբանես դուրս կ՚նետվիմ ԱԶԱՏ Հայն տեսնել։
Երբոր ցօղին փաղփուն շիթերն գիշերուան
Խոտի, թերթի, ծաղկի վըրայ կը շողան,
Եւ երբ երկինք աստղեր շողան մթավար՝
Ցայտեն արցունք, կայծ իմ աչերըս խաւար.
Ի՜նչ, Հայաստա՛ն, քեզ մոռնա՜լ…
Երբե՛ք, այլ սեւ նոճի մ՚ըլլալ, քեզ շո՛ւք տալ։
Զիս աստղազարդ երկին սփոփել չէ կարող,
Մասեաց սարին արտասուալից է նա քօղ,
Ձեր յիշատակն ինծի համար հեշտագին՝
Նըման կուսին սիրոյ առջի արցունքին.
Դամբա՛նք, աւե՛րք, Ձեզ մոռնա՜լ…
Երբե՛ք, այլ ուղխ մ՚արցունք ըլլալ, Ձեզ ցօ՛ղ տալ։
Երկաթ, շղթայ, բա՛նդ եւ անդունդք ու վըհեր,
Ամպրոպ ու շանթ, մահուան զանգակ ու ջահեր,
Չէ, չեն կարող պահ մը Ձեր վառ յիշատակ
Ծածկել սեւի ու սոսկումի՝ վէմի տակ.
Ազա՛տ օրե՛ր, Ձեզ մոռնա՜լ…
Երբե՛ք, այլ հուր մ՚ըլլալ եւ Ձեզ Հայո՛ւն տալ։
Զուարթ բնութեան այն կամարներն ծաղկահիւս,
Բոյր, կայծ ու գեղ, նայուածք, ժըպիտ սիրուհւոյս.
Անուշ հովեր, արծաթ ալիք վըտակին
Ձեր հուրն սրտէս պահ մը առնել չը կրցին.
Փառա՛ց օրեր, Ձեզ մոռնա՜լ…
Երբե՛ք, պատրոյգ մ՚ըլլալ այլ Ձեզ, ու լո՛յս տալ։
Արշալոյսին տժգոյն աստղեր երբ փալփլին,
Գողտըր գեղգեղ վարդակարօտ բուլբուլին,
Բնութեան դաշնակք, ո՜հ չեն կրնար նըւաճեր
Ձեր հառաչներն որով մռընչեն նոճիներ.
Սե՛ւ սե՛ւ օրեր, Ձեզ մոռնա՜լ…
Երբե՛ք, արիւն մ՚ըլլալ, եւ Ձեզ կարմի՛ր տալ։
Թերեւս ժպտին Մասեաց մըթին սարերը,
Կամ արտասուին Սիպերիոյ սառերը,
Բայց սեւ հոգիք ու սեւ ճանկեր անողոք
Խեղդել կու գան ազատ հոգւոյս իմ բողոք,
Արդարութի՛ւն, քեզ մոռնա՛լ...
Երբե՛ք, այլ սուր մ՚ըլլալ, սրտեր քեզ մուտ տալ։
Մինչ ցե՞րբ գոչեմ, ձայնըս մէկը չը լըսեր,
Հայն իւր ժանգոտ շղթան երբե՛ք չը սարսեր…
Բնաւ ինձ հետ իրաւունք ոչ թոթովեց,
«Հայրս չես» ծաղրեց, եւ ձայնը զիս չը թովեց.
Հայ՜ ու շղթայ, ձեզ մոռնա՜լ,
Երբե՛ք, այլ շունչ մ՚ըլլալ, ու ձեզ ոգի տալ։
Հարուստն ու կղեր թէ ազգ զգան ու վառին,
Թէ «Լոյս եւ Սէր» Հայ սրտերուն մէջ թառին,
Թէ Հայութիւն երկնէ «ազատ զաւակներ»,
Թ՚եղբայրութեան, սիրոյ վառին կըրակներ,
Քնա՛րդ իմ, զքեզ մոռնա՛լ,
Ո՛չ, յետ շիրմիս քեզ ձայն ըլլալ, ու Հայ լալ։