Ի պատրիարքական ընտրություն Ամեն. Հայրիկին
1869
Այն սգալի սև սև նոճյաց ետևեն
Արշալույսին շողք մեզի «Լո՜ւյս» կ՚ավետեն,
Խուսեց խավարն, փողփողե լույս արևուն
Հայոց կարմիր մարգաց սառուտ սարերուն.
Փըլատակաց մըթին խորքեն կուգա ձայն—
Հայե՛ր, Հայե՛ր, դեռ Հայաստան չ՚է՛ կործան…
Ձայն տըվողը չ՚է՛ ըստվեր,
Հուր ներշնչողք չ՚ե՛ն աստղեր,
Եղբայրության է հուր, ձայն,
Հայը սիրող Հա՛յն է այն։
Նա գիշերվան հետ ազգ խոկաց ու լացավ,
Եվ արևուն սըլաքաց հետ կրակ դարձավ,
Հողմոց թևով միշտ սըլացավ Հայկարան,
Տիգրիսի հետ թըրջեց ավերք տխրական.
Հայաստանի, եղբայրության սիրահար
«Հա՜յ» գոչելով շուրթերն եղան դալկահար։
Ավարայրի նա վարդին
Սոխակն եղավ տրտմագին,
«Վարդա՛ն» գոչեց նա, անդեն
Վասա՛կն ելավ դամբանեն։
Նա իրավո՛ւնք, ազատությո՛ւն գոչեց հար,
Փոշոտ ու խոնջ ոտքերն նետեց ուր Հայ կար,
Ուր որ Հայ կար ջերմ համբուրեց նա այն հողն,
Ուր Հայն շնչեց՝ հառաչ և հուր ղրկեց հոն.
Բոցաթըռիչ Հայե ի Հայ նա թըռավ,
Հարված, ցավ, դավ՝ սերն խեղդելու չ՚եղան բավ։
Այս հայկազնը չ՚ուներ սուր,
Այլ կուրծն ուներ Հայ, խաչ, հուր.
Կը հագներ սև և գրգլյակ,
Նա գո՛ւթ ուներ, ո՛չ քըսակ։
Ազա՛տ սիրեց, ազա՛տ գոչեց, չը թովեց.
Հայն զ՚այն ատեց, Հայ մը ձեռքը չը թոթվեց.
Բանտ, կախաղան, աքսոր, Սիպիր և սուսեր
Չը կրցին ձայնն մարել, խեղդել իր հույսեր.
Միշտ «Հա՜յ» կանչեց, բարձն էր գլխուն Մասյաց սար.
Նա սիրտն ըրավ հայրենահուշ գոռ քընար.
Արդ հայրենյաց մեր շնչիկ՝
Հով մը կուգա անուշիկ՝
Վառ ճակատուց այցելու,
Հայուն աչերն սրբելու։
Բա՛ց են թևեր, բա՛ց են սրտեր, բա՛ց ճակատ,
Եկո՛ օգնել տըկար Հայուն ապաբախտ,
Հո՛ւր հայրենյաց, եղբայրության դու հագա՛գ,
Քընարահար Հայու մը իղձ քեզ հրեշտակ.
Վես Վոսփորին ալիք ըզքեզ բարևեն.
Ցըրվե՛ սև ձեռք՝ սև ամպ Հայոց արևեն.
Արտոսր ու քիրտդ թող փալփլին՝
Զերթ աստղեր Հայ երկնքին,
Եվ սորվեցուր Հայուն դու
Սիրե՛լ, օգնե՛լ իրարու։
Արտասվաթոր՝ քե՛զ կը նային Հայ աչեր,
Սև շղթաներ քեզ ցույց կուտան գոռ քաջեր,
Մըշո կտրիճք՝ աղջիկք ի քեզ ապաստան
Հայն ու դամբանն, տաճարն, հյուղակն՝ Հայաստան։
Թո՛ղ փլատակաց մոխրեն հառնեն հիշատակք,
Մութ մենաստանք վերափայլե՛ն նախնի փառք…
Լո՜ւյս, լո՜ւյս տեղան ամեն տեղ,
Գիտությո՜ւն, լո՜ւյսն Հայ աստեղ,
Լո՜ւյս հյուղակին, լո՜ւյս վըհին,
Լո՜ւյս Հայ փառաց շեջ ջահին։
Ահա սրանա մեզ ապագա բոցագես,
Մեր հայրենի ավերակաց տալ լույս վես.
Հարկ չ՚են մեզի նիզակ և սուր ու վառոդ.
Իրավունքի, սիրո, լուսո ենք կարոտ.
Եղբայրությա՛ն Հայն կը հենու, ո՛չ թագի,
Բռնե ձեռքեն, որ շունչ առնե և հոգի.
Եվ ալ մոռնա հայկազն հեք
Հին հարվածներն ու խոր վերք.
Եվ սիրտք ի տրոպ որոտան
— «Կյա՜ց միշտ, ՀԱՅՐԻ՛Կ ԽՐԻՄՅԱՆ»։
Այն սըգալի սեւ նոճեաց ետեւէն
Արշալոյսին շողք մեզի «Լո՜յս» կ՚աւետեն,
Խուսեց խաւարն, փողփողէ լոյս արեւուն
Հայոց կարմիր մարգաց սառուտ սարերուն.
Փըլատակաց մըթին խորքէն կու գայ ձայն
Հայե՛ր, Հայե՛ր, դեռ Հայաստան չէ՛ կործան…
Ձայն տուողը չէ՛ ըստուեր,
Հուր ներշնչողք չե՛ն աստղեր,
Եղբայրութեան է հուր ձայն,
Հայը սիրող Հա՛յն է այն։
Նա գիշերուան հետ ազգ խոկաց ու լացաւ,
Եւ արեւուն սըլաքաց հետ կրակ դարձաւ,
Հողմոց թեւով միշտ սըլացաւ Հայկարան,
Տիգրիսի հետ թըրջեց աւերք տխրական.
Հայաստանի՝ եղբայրութեան սիրահար
«Հայ» գոչելով շուրթերն եղան դալկահար։
Աւարայրի նա վարդին
Սոխակն եղաւ տրտմագին,
«Վարդա՛ն» գոչեց նա, անդէն
Վասա՛կն ելաւ դամբանէն։
Նա իրաւո՛ւնք, ազատութի՛ւն գոչեց յար,
Փոշոտ ու խոնջ ոտքերն նետեց, ուր Հայ կար,
Ուր որ Հայ կար՝ ջերմ համբուրեց նա այն հողն,
Ուր Հայն շնչեց՝ հառաչ եւ հուր ղրկեց հոն.
Բոցաթըռիչ Հայէ առ Հայ նա թըռաւ,
Հարուած, ցաւ, դաւ՝ սէրն խեղդելու չեղան բաւ։
Այս հայկազնը չունէր սուր,
Այլ կուրծն ունէր Հայ, խաչ, հուր.
Կը հագնէր սեւ ու գրգլեակ,
Նա գո՛ւթ ունէր, ո՛չ քըսակ։
Ազա՛տ սիրեց, ազա՛տ գոչեց, չը թովեց.
Հայն զայն ատեց, Հայ մը ձեռքը չը թօթուեց,
Բանտ, կախաղան, աքսոր, Սիպիր եւ սուսեր
Չը կրցին ձայնն մարել, խեղդել իր յոյսեր.
Միշտ «Հա՜յ» կանչեց, բարձն էր գլխուն Մասեաց սար.
Նա սիրտն ըրաւ հայրենայուշ գոռ քընար.
Արդ հայրենեաց մեր շնչիկ՝
Հով մը կու գայ անուշիկ՝
Վառ ճակատուց այցելու,
Հայուն աչերն սրբելու։
Բա՛ց են թեւեր, բա՛ց են սրտեր, բա՛ց ճակատ,
Եկո՛ օգնել տըկար Հայուն ապաբախտ,
Հո՛ւր հայրենեաց, եղբայրութեան դու հագա՛գ,
Քընարահար Հայու մը իղձ քեզ հրեշտակ.
Վէս Վոսփորին ալիք ըզքեզ բարեւեն.
Ցրուէ՛ սեւ ձեռք, սեւ ամպ Հայոց արեւէն։
Արտօսր ու քիրտդ թող փալփլին՝
Զերթ աստղեր Հայ երկնքին,
Եւ սորվեցուր Հայուն դու
Սիրե՛լ, օգնե՛լ իրարու։
Արտասուաթոր՝ քե՛զ կը նային Հայ աչեր,
Սեւ շղթաներ քեզ ցոյց կու տան գոռ քաջեր,
Մըշոյ կտրիճք՝ աղջիկք ի քեզ ապաստան
Հայն ու դամբանն, տաճարն, հիւղակն՝ Հայաստան։
Թո՛ղ փլատակաց մոխրէն յառնեն յիշատակք,
Մութ մենաստանք վերափայլեն նախնի փառք…
Լո՜յս, լո՜յս տեղան ամէն տեղ,
Գիտութի՜ւն, լո՜յսն Հայ աստեղ,
Լո՜յս հիւղակին, լո՜յս վըհին,
Լո՜յս Հայ փառաց շէջ ջահին։
Ահա սրանայ մեզ ապագայ բոցագէս,
Մեր հայրենի աւերակաց տալ լոյս վէս.
Հարկ չեն մեզի նիզակ եւ սուր ու վառօդ.
Իրաւունքի, սիրոյ, լուսոյ ենք կարօտ.
Եղբայրութեա՛ն Հայն կը յենու, ո՛չ թագի,
Բռնէ ձեռքէն, որ շունչ առնէ եւ հոգի.
Եւ ալ մոռնայ հայկազն հէք
Հին հարուածներն ու խոր վէրք.
Եւ սիրտք ի տրոփ որոտան
— «Կեա՛ց միշտ, ՀԱՅՐԻ՛Կ ԽՐԻՄԵԱՆ»։