Հուշք
1871
Նվեր հիշատակի առ Պ. Հ. Ճանֆեսճյան
Սա խաղաղ Մայր-Օվկյանին,
Ուր փողփողեն ավազք ոսկի՝
Մեր երազոց վառարանին՝
Թ՚եզրեն՝ վարդից մեջ աճյունի
Երբ արևը շողշողե,
Դու իմ սերը միշտ հիշե՛։
Թավուտքե մը կանաչ ու մորչ,
Որոց շուքը սիրեինք միշտ
Նստիլ, խոսիլ շրթամբք դողդոջ,
Ծըծել անհագ իրարու սիրտ,
Երբ տերև մը խարշափե,
Դու իմ մրմունջքը հիշե՛։
Առավոտներն գարնանային,
Ո՜հ, հորիզոնն ալ վարդավառ՝
Յ՚այց ելնելուդ ծաղկած մարգին,
Ուր կը գտնես մորչ չոր մացառ՝
Երբ թռչնիկ մը ճըռվողե,
Դու իմ իղձերը հիշե՛։
Պաղլար-պաշի ելած ատեն՝
Եվ կամ սա՛րը Չամլըճային՝
Սիրո՜ւն վայրեր ուր միշտ արդեն
Ճեմել հոգիք մեր սիրեին՝
Երբոր զեփյուռ մը փըչե,
Դու իմ հոգին միշտ հիշե՛։
Եվ առօրյա աշխատանքե
Վաստակաբեկ վերադարձիդ՝
Եվ կամ սիրո արշավանքե
Դարձած ատեն տըրոփ ի սիրտ՝
Երբ հորիզոնն հրդեհե,
Դու իմ կրակները հիշե՛։
Ամրան գիշեր մ՚երբոր գտնես
Աստղերն առատ գլխուդ վըրա՝
Եվ լուսինը լապտեր ընես
Դողդոջ քայլից դեպ ի Մոտա,
Երբ շրջազգեստ մը շրշե,
Իմ մաշած սիրտը հիշե՛։
Տրտում նստած դու պատուհան՝
Հառած երկնից այն սևերես՝
Սև մըտածմանց լոկ վառարան
Տժգույն ճակատդ և աչերդ վես՝
Տըխուր կոչնակ մ՚երբ հնչե,
Մըտերմիդ մա՜հը հիշե՛։
Սա խաղաղ Մայր-Ովկեանին,
Ուր փողփողեն աւազք ոսկի՝
Մեր երազոց վառարանին՝
Թ՚եզրէն՝ վարդից մէջ աճիւնի
Երբ արեւը շողշողէ,
Դու իմ սէրը միշտ յիշէ՛։
Թաւուտքէ մը կանաչ ու մորչ,
Որոց շուքը սիրէինք միշտ
Նստիլ, խօսիլ շրթամբք դողդոջ,
Ծըծել անյագ իրարու սիրտ,
Երբ տերեւ մը խարշափէ,
Դու իմ մրմունջքը յիշէ՛։
Առաւօտներն գարնանային,
Ո՜հ, հորիզոնն ալ վարդավառ՝
Յ՚այց ելնելուդ ծաղկած մարգին,
Ուր կը գտնես մորչ չոր մացառ՝
Երբ թռչնիկ մը ճըռուողէ,
Դու իմ իղձերը յիշէ՛։
Պաղլար-պաշի ելած ատեն՝
Եւ կամ սա՛րը Չամլըճային՝
Սիրո՜ւն վայրեր ուր միշտ արդէն
Ճեմել հոգիք մեր սիրէին՝
Երբոր զեփիւռ մը փըչէ,
Դու իմ հոգին միշտ յիշէ՛։
Եւ առօրեայ աշխատանքէ
Վաստակաբեկ վերադարձիդ՝
Եւ կամ սիրոյ արշաւանքէ
Դարձած ատեն տըրոփ ի սիրտ՝
Երբ հորիզոնն հրդեհէ,
Դու իմ կրակները յիշէ՛։
Ամրան գիշեր մ՚երբոր գտնես
Աստղերն առատ գլխուդ վըրայ՝
Եւ լուսինը լապտեր ընես
Դողդոջ քայլից դէպ ի Մոտա,
Երբ շրջազգեստ մը շրշէ,
Իմ մաշած սիրտը յիշէ՛։
Տրտում նստած դու պատուհան՝
Յառած երկնից այն սեւերես՝
Սեւ մըտածմանց լոկ վառարան
Տժգոյն ճակատդ եւ աչերդ վէս՝
Տըխուր կոչնակ մ՚երբ հնչէ,
Մըտերմիդ մա՜հը յիշէ՛։
Հոկտեմբերի 6, 1871