Անցնել բովանդակությանը

Հեծեծմունք

(Ի գերեզմանն ամենասիրելվո Վարդան Լութֆյանի)

Այս ստեղծագործությունը հասանելի է երկու ուղղագրությամբ՝ բարեփոխված և դասական
Ո՜հ, երկնքի ժապավեններ՝ Ճառագայթնե՜ր՝ միացուցած Էին սրտերը մեր միմյանց՝ Մեր սրտերը սիրանըվեր։ Նոքա միմյանցս համար քանի՞ Էին անհո՜ւն բա՛ց մատյաններ, Հոն ամեն բառ խորքը մը ուներ Իր ներքևը սիրո, ցավի։ Ո՜հ, կը հիշե՞ս, Չամլըճայի Սարը նստած լո՜ւռ մըխայինք, Ուր շուք տային մեզի նոճիք՝ Սև հովանոցք վշտահարի։ ԸՍթամպոլի կապույտ գոտվույն՝ Վոսփորի ծուփը դիտեինք, Ուսկից և մերթ զ՚անամպ երկինք.— Ո՛, ախորժնե՜ր լուռ մեր հոգվույն։ Այն հյուսկենները երկնքին՝ Այն ամպերը ձյունաթորմի՝ Մինչ երեկո, ո՜հ, մի առ մի Մեր նայվածքը գըրավեին։ Չ՚էինք խոսեր, խոսքն մեր հոգվոց Անհունությունը կը պղծեր, Մենք զերթ երկու տժգույն բոցեր Իրարու մեջ կ՚այրեինք սոսկ։ Մեր հոգիքը նոճիներու Թուխ թիթեռներ էին տրտում, Սև՜ ծըծեինք՝ սո՜ւգ անհատնում, Նայեինք միշտ երկրես հեռու։ Անհուսությո՜ւն, գերեզմանի Այդ սև կաթը շատ ըմպեցինք, Քեզ հափրեցուց այդ ըմպելիք, Եղար երկնից տժգույն որդի։ Քու դալուկըդ՝ զիս ցավցուց շա՜տ, Եվ նայվածքըդ վերջին նըվաղ՝ Զ՚որ ուղղեցիր ինծի, ավա՜ղ, Բևեռացուց յ՚իս հիշատակդ։ Երջանի՞կ ես հոդ թե թշվառ, Զվարթնո թևով լուր մ՚ինձ ղրկե, Ա՜հ, այս աշխարհն միշտ տաղտուկ է… Ցավերու մեծ մայր մ՚է աշխարհ։ Ո՜հ, եթե հոդ ծառի մը շուք Կա և նորա քով մեկ վըտակ, Եթե կա հոդ սե՜ր անապակ, Կան ազատ օդ, ազատություն։ Ո՜հ, կը թոթվեմ ես այս աղտոտ Ձորձն հոգվույս՝ կյանքս՝ մինչ իսկ այսօր, Հող կը հագնիմ, հո՜ղ սըգավոր… — Ա՛հ, ուզածներս, Վա՛րդան, կա՞ն հոդ…։

Ստեղծագործության մասին

Պետրոս Դուրյանի «Հեծեծմունք» բանաստեղծությունը մահվան և տխրության մասին։

Ողբ ընկերոջ գերեզմանին, բայց ոչ թե նրա կյանքի, այլ երկուսի ընդհանուր տխրության մասին։ Բանաստեղծը հիշում է, թե ինչպես էին Չամլըճայի սարին լուռ նստում նոճիների շուքի տակ, Վոսփորն ու ամպերը դիտում և չէին խոսում, որովհետև խոսքը կպղծեր լռությունը. «երկու տժգույն բոցեր» էին, որ իրար մեջ էին այրվում։ Երկուսն էլ հուսահատության «սև կաթն» էին ըմպում, և ընկերը դրանից էլ մեռավ։ Փակվում է հարցով, թե այնտեղ կա՞ ծառի շուք, վտակ, անապակ սեր, ազատություն՝ այն ամենը, ինչ այստեղ չկար։

Ստեղծագործությունը պարունակում է 48 տող՝ բաժանված 12 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 48