«Մի ցրտին ու սառն խարույկ է վառվում Արևմուտքում…»
(IX)
«Մուտք» ժողովածու · «Սոնետներ» · 1948
Մի ցրտին ու սառն խարույկ է վառվում Արևմուտքում
Բոցերը հավաք մի կիզակետում — դեպ երկիրն իմ,
Բոցավառ ձեռքը՝ գալիքի հանդեպ լուռ, անքնին
Բորբոքում է դեռ գիշեր ու ցերեկ նստած անքուն…
Գեհենածավալ լեզուներ ունեն այդ բոցերը…
Բոցավառ ձեռքը — մատներով ցմքած, ոսկրացած,
Կարծես իրանով գեհենի դռան մոտ կռացած
Պլուտոնի տեղ ինքն է պահապան, նա — Հիտլերը…
Փչում է մի թունդ նավթահոտ նրա բերանից,
Քանզի թոքերը Ռումինիայի նավթով են լիք…
Բացում է ահա բերանն իր նորից, որ բորբոքի
Խարույկն իր վառած… Բայց բերնից ելնող նավթաշոգին
Կլանում է ողջ խարույկից ելնող բոցերը շեկ…
Պայթում է ինքը… ցըվրվում ամբողջ գեհենով մեկ…