Տո՜ւր ինծի, տեր...
Դուրյան սրբազանին
Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Ծաղիկներո՜ւ պես զայն ժողվեմ ճամբուս վրան՝
Նայվածքներուն մեջ ամենուն եւ ամեն օր։
Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Եվ ես՝ հանգույն երփնալուցկի վառող մանկան՝
Զայն գունաժպիտ տեսնեմ ուրիշ դեմքի մը վրան։
Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Զանգակներո՜ւ պես զայն կախեմ ամեն դըրան՝
Ու զերթ նարոտ ամեն դըրան զայն պըսակեմ։
Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Ճըրագներու պես զայն բոցեմ բազմաստեղնյան՝
Խավարին մեջ ամեն երդ ու խրճիթներու։
Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Զայն սրբասաց իմ հոգյակիս ընեմ խորան՝
Զայն իմ մտքիս ծըխեմ՝ զերթ խունկ բազմաբուրյան։
Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Ու չըլլա, որ ուրիշներու կոծն ու կական
Խեղդել ուզեմ ջըրվեժին մեջ դափիս ձայնին։
Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Ու չըլլա՜ որ ծափիս ձայնին երգը՝ գուժկան
Եսիս սենյա՜կն ունենա՝ ցո՜ւրտ առանձնարան։
Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Ու սեղանիս վըրա դրված մեն մի նըկան՝
Զույգ մը խինդե՜ր գեթ ունենա թող խաչանիշ։
Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Ու բաղխեմ զայն սրտիս ժայռին՝ իբրեւ մական՝
Որ բղխեցնե ջուրն աներկմիտ երանության։
Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Զայն ջուրերուն վըրա ձըգեմ իբրեւ ուռկան,
Զայն իբր արոր ակոսներո՜ւն ձըգեմ վըրան։
Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Զայն իբր անձրեւ ցողեմ ամեն դաշտի վըրան,
Զայն իբր արեւ բաշխեմ ամեն հորիզոնի։
Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Զայն ընդգրկած իտեալին ըլլամ սրսկան.
Զայն լաստ ըրած ես Լույսերու նավո՜րդն ըլլամ։
Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Ժողվել՝ հոգվույն մեջ ծերերուն, կույսին, մանկան,
Պարզ մարդերուն՝ գեղջուկներուն ու բանվորին։
Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Ժողվել՝ հոգվույն մեջ ամենո՜ւն, համայնական
Հոգվույն ամեն մասնիկներուն մեջ՝ ամեն ժամ։
Ճամբաներեն, ու գետերեն, ու դաշտերեն,
Անտառներեն, ու լեռներեն, ու ձորերեն,
Տանիքներեն, ու տուներեն, ու դուռներեն՝
Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական։