Սիրաձայն հծծյուններ
1906
Տո՚ւր համբույրիս խանդոտ՝ շրթունքըդ բուստե
Հուրի՜ աննյութ, փաղփուն ծաղիկ երազի,
Ըսպասումի հովեն տենչըս կը մսի՜,
Ա՜հ, քու սիրույդ ջերմությունով զիս պատե։
Կույս գրկիս մեջ նետե գըլուխըդ չքնաղ.
Ջինջ նայվածքի զույգ եթերներդ ինծի՜ տուր,
Ցանե հոգվույս մեջ սիրակայծ սրտիդ հուր
Եվ հնչեցուր առջի սիրույն հոն թակաղ։
Սեւ սաթի գույն վարսերուդ թովքը բոլոր,
Ու ծաղկալից հոգվույդ շունչը վարդաբույր,
Լեցուր գրկիս, լեցուր սրտիս մեջ թափուր,
Թո՚ղ գգվանքիդ ըմպեմ հեշտանքն անսովոր։
Ա՚լ կը հաշմե հոգիս պաշտումն իտեալ.
Լոկ հեռուեն ժպտող քու սերդ ալ չունի
Ինծի համար իրեն թովանքն երբեմնի.
Եկո՚ւր, մոտեն զիս սիրովըդ պատե ալ։
1906
Թեմաներ