Կինը աստծո հարսն է
Կինը աստծո հարսն է, ասին,
Աստծո գինու թասն է, ասին,
Ա՜խ, չէ, աստծո հարճն է կինը,
Աստծո գինու փարչն է կինը։
Աստծո գինին անմահական՝
Հարբեցնում՝ աստծուն անգամ,
Սուրբ գրկի մեջ աստվածային,
Ծախվում է միշտ սատանային…
Այնինչ, որպես իր մորն արթուն՝
Աստված էլ է մորը պաշտում։
Լռիր, անմիտ սիրտ իմ անհաշտ,
Մեղք է մայրս աստվածապաշտ։
Ինչո՞ւ ընկնես մորս աչքից,
Ո՞նց ձեռ քաշենք այն հրաշքից,
Որ մեծ մայրն է մորս կյանքի,
Հրաշք մայրն է տիեզերքի։