Անցնել բովանդակությանը

«Ամեն առավոտ հուշերս նորից…»

Ամեն առավոտ հուշերս նորից Ինձ տանում են այն զմրուխտե հեռուն, Ուր իմ մանկության ոտնատեղերից Անձրևաջուր է խմում եղջերուն։ Ինձ այն ծաղկաբույր լեռներն են տանում, Այն բարձունքներն են ինձ տանում կրկին, Ուր մարդն ամպերին վերից է նայում, Վերից է նայում արծվի ճախրանքին։ Եվ այն տնակն են տանում ինձ դարձյալ, Որոտանի մոտ, Բարդու շվաքում, — Որտեղ հանգչում է մի համեստ անցյալ, Եվ մի փառավոր գալիք է ծաղկում։ Այն նվիրական տնակն են տանում, Որ հետո այսքա՜ն, այսքա՜ն մեծացավ, Ինձ համար աշխարհ դարձավ աշխարհում Եվ անեզրական հայրենիք դարձավ։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 16