Անցնել բովանդակությանը

Մանկության բարեկամներ

1889

Երբ տեսնում եմ խաղալիս Անմեղ անհոգ մանուկներ, Իսկույն միտըս են գալիս Իմ մանկության քաղցր օրեր։ Օր ու գիշեր անհանգիստ Խաղում էի անդադար, Աշխարհային հոգ ու վիշտ Անհայտ էին ինձ համար։ Իմ ընկերն էր ամեն ինչ — Թե շնչավոր, թե անշունչ, Չը՛կար համր և ոչինչ — Չըկար մի բան անմըռունչ։ Աղբյուրն ինձ հետ խոսելիս՝ Լսում էին քարերը, Անտառն իր մոտ կանչելիս՝ Թնդում էին ձորերը։ Բարի էին ամենքը, Չըկար մի հետք չարության, Նույնիսկ օձն ու կարիճը Տիպար էին բարության։ Քանի անգամ բռնել եմ Օձի պոչից ու գլխից Եվ գազանը — ապշել եմ — Հեռացել է ինձանից. Ինչ էր երկյուղ կամ ամոթ Չըգիտեի բնավին, Ամենքն էին ինձ ծանոթ, Ես բարեկամ ամենին։ Իմ առաջին ծանոթը Մեր կեղծավոր փիսոն էր, Շատ անգամ անամոթը Ձեռիս հացը կը խլեր։ Նրա նման չէր Զանգին՝ Մեր իմաստուն մեծ շունը, Նա իմ դայակն էր անգին, Չեմ մոռանում անունը։ Ինչպես արթուն պահապան՝ Գիտեր վրաս միշտ հսկել Երբ մոտըս էր այդ հսկան, Էլ ո՞վ կարար ինձ դիպչել։ Բայց և օտար շները Չէին հաչում ինձ վըրա. Մեղավորն ու անմեղը Տեսնում էին աշկարա։ Ձին ինձ քացի չէր տալիս, Թեկուզ բռնեի ագին, Նա որ մեծին տեսնելիս՝ Պատրաստ ուներ աքացին։ Այսպես, եզն էլ կամ կովը,— Որ շատ էլ չէր հյուրընկալ,— Երբ կանցնեի մոտովը՝ Չէր հանդգնիլ հարու տալ։ Այս երջանիկ վիճակս Շուտով անցավ հեռացավ, Վարդանման աշխարհըս Փուշ ու տատասկ փոխվեցավ…

Ստեղծագործության մասին

Ղազարոս Աղայանի «Մանկության բարեկամներ» բանաստեղծությունը (1889) մանկության և կենդանիների մասին։

Հիշողություն այն տարիքի մասին, երբ ամեն ինչ ընկեր էր՝ աղբյուրը, անտառը, օձն ու կարիճը, շունը, որ դայակ էր, ձին, որ երեխային քացի չէր տալիս։ Երկար թվարկումը կանգնում է վերջին քառատողում. այդ վիճակն անցավ, և վարդանման աշխարհը փուշ ու տատասկ դարձավ։

Ստեղծագործությունը պարունակում է 56 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1889 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 56