Մանկական թոթովանք
1888
Աշխարհիս վրա մեկը կար միայն,
Որ ինձ սիրում էր հոգվով անարատ.
Նա իմ մայրիկն էր — իմ անուշ Ազին,
Հոգվույս ու մարմնույս ծնողն հարազատ։
Միտքըս թռչում է միշտ դեպի երկինք,
Երբ որ հիշում եմ մայրիկիս անուն,
Այդ նրանից է, որ չեն երկրային
Ոչ նըրա ստինք, ոչ նրա լեզուն։
Նա ինձ կաթ տըվավ, տըվավ եւ լեզու,
Մինը քան ըզմյուսն ավելի անուշ,
Մեկով իմ փափուկ մարմինն էր սնվում
Մյուսով զարգանում իմ հոգին քնքուշ։
Ի՜նչ կա այնքան քաղցր ու սննդարար,
Որքան անարատ կաթն է մայրական,
Ո՜վ կարա խոսիլ այնպես սրտաբուխ,
Ինչպես որ մայրն է թոթովում մանկան։
Կարծես հիմա էլ տեսնում եմ մորըս,
Ես իբրև մանուկ գրկումն եմ ահա,
Նուրբ շրթունքներիս զարկում է մատով,
Որ իր հետ ձայնեմ «աղո՜ւ» կամ «ագա՜»։
Ես թոթովում եմ, հրճվում է մայրըս,
Իմ մեջ գտնվում է շնորհքի նշան,
Չար աչքից ազատ պահելու համար՝
Վըրաս կարում է պես-պես թալիսման։