Անցնել բովանդակությանը

Վերադարձ սիրո թաղումեն

1904

Դատարկվեցան սափորներն իմ արցունքին, Եվ լեցվեցավ վըշտով՝ սըրտիս խոր անդունդ։ Բավական է. թող ա՛լ ճիչերս ողբագին՝ Համառորեն չըվըրդովեն խաղաղ քունդ։ Բավական է. բուի նըման չեմ ուզեր Չըդադարիլ հանգըստի բոցն հուզելեն. Թող լիճն հեռու մընա հովեն տարուբեր։ Քունն աղմուկին, և գերեզմանն՝ ապրողին։ Կըբաժանվի՛մ, որ է՝ ճակատըս փոշոտ Հողեղեն այդ սև վերմակեդ կ'առնում վեր, Եվ կըտանիմ մարմինս՝ թողլով հոգիս հոդ. Անդունդ մըն եմ՝ ուր լուսինն ա՛լ չի ցաթեր։ Զի՜ս կըկանչեն մութ երկինքներն աստղազուրկ Առանց թիթռան, առանց ծաղկի վարդանոցն, Անհույս կյանքներն, ու բուրվառները անխունկ.— Կ'երթա՜մ, այլևս ընկերն եղա ես անոնց։ Արշալուսեն ձայնըդ իզուր, սըրտաբաց, Պիտի հուսամ, և ժըպիտդ ալ՝ կոկոնեն, Իմ աներես ըսպասումես ամըչցած՝ Պիտի անոնք իրենց գըլուխը ծըռեն։ Բունը հազիվ թոթված՝ թևե՛րըս, առտուն, Պիտի գըրկեն սարսուռը լոկ խոլացած Աղոտ խուցիս ըստվերներուն, շողերուն, Պիտի շուրթերս դողան՝ շուրթեդ չը տաքցած։ Պիտի փըրփրի ծովը՝ ձայնես իմ լալկան. Ողբըս լըսած՝ թըռչուններն իսկ անընտել՝ Բուրաստանեն դեպ նոճաստան պիտի գան՝ Քեզի լալու համար՝ ինծի ընկերել։ Ան ջինջ շուշանն, որուն մեկ թերթը դեղին Դո՛ւ փետեցիր, աչքիս ցողովն հըրակեզ Պիտի լեցվի՝ ցողեն առաջ երկընքին. Եվ պիտի ան թոռմի, թոռմիմ պիտի ես։ Պիտի լամ մեր հուշերն պահող ամե՜ն ինչ— Այն սիրերգներն՝ որոնց մեջ սիրտն, հեշտօրեն, Կուրծքին տակէ դեպ դուրս կ'ելլէ առած թռիչ, Ինչպես թըրթռուն թիթեռը՝ նեղ բըժոժեն։ Այն հանգըստի ծովեզրն, որ բուռն հովերէ՝ Ալիքներուն տակ կըհակի. այն լուսնակն, Ուր նայվածքներս՝ նայվածքներուդ ետևէ. Կաքավի պես կըշրջեին միայնակ։ Այն ճյուղն՝ որ մեր ծածկեց համբույրն առաջին. Այն ցիր ու ցան ապրիմ-մեռնիմն հողմախռով՝ Զոր մատերես վերջ քու մատեր փետեին, Եվ դու—, ավա՜ղ, լըմընցուցիր մեռնիմով։ Եվ այսպես լանչքիս վերք մը սեղմած ես, դողդոջ, Պիտի քաշեմ արտասուքէ պատանքներ Անցյալի այդ մեր գարունին վրա, ողջ, ողջ— Ո՞ր ծաղիկն ինձ՝ քեզմե հեռու է ժըպտեր։ Պիտի հիմա տուն դառնամ՝ ես ինծի հետ՝ Քաշկըռտվելով ճամբաներուն վրայե՝ Մեկ թևն կոտրած թըռչունի պես դառնաղետ, Ու դեղձանիկդ ըսէ պիտի. Ան ո՞ւր է։ Աստվա՜ծ իմ, ի՞նչ պիտ պատասխան տամ խեղճին. Ի՜նչպես խըլել իր զըվարթ երգն, հե՛ք թըռչնակ. Ո՛հ, դառն է այդ, չի գիտեմ երբ խըլեցին, Քուկին աղեղ սիրտըդ՝ սըրտես հլու ջութակ։ Այլևըս զիս պիտի գըգվեն ըստվերներ. Իմ ընկերս է՝ դատարկությո՜ւնը հըսկա. Դաշտերուն մեջ ձըգած հետքիս քովն ի վեր Ուրիշ հետք մ'ալ պիտի բնավ չ'երկըննա։ Պիտ չըգա ձայնդ երազանքիս մեջ վըրդով, Հոն գըտնելու իր արձագանքը վերջի. Գող հովհարդ հանկարծական դըպչելով՝ Պիտի չնետե քեզմե համբույր մը՝ ինծի։ Չըկա՜ն աչքերդ.— պիտի երկինքն ո՞ւր դիտեմ՝ Իր աստղերովն ու Վարիչովն առեղծված։ Չըկա՛ն շուրթերդ — պիտի սերն ո՞ւր ես գըգվեմ. Սերն որ հոս Կույսն է, երկընքի մեջ՝ Աստըված։ Սևեր հագած պիտի ըսեմ ողբաձայն. — «Սուրբ արշալույս մ'արդյոք կ'իջնէ՞ մարմնույն քով. Ի՛նչ, չըթողո՞ւց մութն՝ որ գըտնէ սիրտըս ան՝ Զոր փոսին մեջ դըրի փաթթած՝ արցունքով։ «Արդյոք ոգի մ'հըղված դժոխքեն, կըփետէ՞ Իր փետուրները թևերուն ճեփ ճերմակ՝ Զոր ան ժողվեց անմեղության բույներէ՝ Դեպ թըռչելու համար երկինքը շիտակ։ «Օր մ'երբ փորէ մեռելաթաղն, վա՜յ ինձ, բահն Պիտի ցավցնէ՞ արդյոք մեկդին իր մարմնույն. Արդյոք կ'ուզէ՞ երգ մ'որպես զի թըրթըռա, Հետո սիրտ մ'ալ՝ որպես չ'առնէ հարություն»։ Ու երբ այսպես՝ վիշտերուս հետ, դալկահար, Քեզ կանչելով մոլոր իյնամ ձոր ու լեռ՝ Պիտի ըսէ շիկահավն իր բույնեն վար. — «Սավոր գըլխուն կըթըռչըտին ագռավներ»։ Մարգրիտ ծաղկունք, առջևս, գլուխնին սատապի Ըսքողելով տերևներուն տակ, գաղտնի, Պիտ տըրտընջան. «Բոցէ արցունք կըթափի»։ Աստղերն վերեն պիտի ըսեն՝ կըհատնի։ Չորս դեռ հովերը մեկմեկու պիտ հըծծեն. — «Մի մոտենաք, կըդողդըղա արդեն ատ»։— Եվ դառնալով դեմքիս՝ անցորդը ճամբեն, Քըթին տակէ պիտի մընչէ՝ չա՜պրիր շատ…

1904, հունիս 2

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1904 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 92