Անցնել բովանդակությանը

Մեքենաները

«Հեթանոս երգեր» ժողովածու · «Գողգոթայի ծաղիկներ»

Արեգակին մեջ ամրան, որուն բոցով կը մըրկին Արծաթացոլ գըմբեթներն ու տանիքները Քաղքին, Կը ցըցվի բա՜րձըր կատարը գործատան մըշտագոռ։ Մուխը բարդ բարդ կը պոռթկա բուխերիկեն լայնորկոր՝ Ճակատն երկնի ծեփելով կարծես կուպրով թանձրամած։ Կը սողոսկին շոգիներ պատերուն շուրջը քըրտնած. Ու կը մռընչե գործատունն ընդերքներեն բոցավետ։ Մենք, ո՛վ Ընկեր ջահակիր, այնտե՛ղ մըտնենք քեզի հետ, Մենք, սերմանող մըրըրկի, տառապանքի հընձողներ։ Օ՜, ի՛նչ ժըխոր, ի՛նչ պայթում. ալիքն օդին ջերմաջեր Մարմինս ամբողջ ողողեց ծըծումբի պես հոսանուտ։ Ի՜նչ թավալում ահավոր զանգվածներու մառախլուտ… Հազարավոր բանվորներ մըկանունքով կը ստեղծեն՝ Ողջագուրված՝ պողպատին, բիրտ ուժին հետ համորեն, Կը ծառանան բոցին հետ, ու մոխիրին հետ կ'իյնան, Ու կը պըրկեն, կը կըրծեն, ու կը կըռփեն հաղթական՝ Մինչև որ նյութն ապըստամբ գեղ ու արժեք կը ստանա, Հոն բուրդն ըլլա՝ լուսակիդ, քըրտինքն ըլլա՝ շափյուղա։ Եվ կը մռընչե Աշխատանքն, Աշխատանքն հոն կը ստեղծե Իբրև վիշապ՝ բըռնըված օձագալար երկունքե։ Փողրակներուն ընդմեջեն, մինչև չորս ծագն Աշխարհին, Կը հոսին միշտ ծուփ առ ծուփ տաք ալիքներն ոսկիին։ Մեքենաներն հոս կ'իշխե՜ն ըղեղին վրա մարգերուն՝ Իբրև հրեշներ վիթխարի՝ որջի մը մեջ մըշտարթուն։ Հաստ գըլաններ զուգարշավ, պըլուխներով ահագին, Մինչև ձեղուն խորդալով կը ծառանան, կ'ընկըղմին Հետո իրենց կըլանող անդունդին մեջ մըթապատ։ Դատարկին մեջ սուլելով կը թավալին անընդհատ Հըսկայածիր անիվներ, ու ակռանին իրարու Լինդերու մեջ մըխըրճած՝ կոռնան նըման շուներու։ Փոկերը պիրկ կը ձըգվին ճախարակե ճախարակ, Ու կը հոսին խըմալուր՝ ջըրվեժներու պես արագ՝ Լիսեռներու գոգավոր շըրջանակին ընդմեջեն. Մեքենական կազմվածքին անոնց ջիղերն են հրեղեն՝ Որոնցմե մին թե բեկտի՝ աշխարհներն այդ ներդաշնակ Կը ջախջախեն մեկըզմեկ, աստղափըշուր, եղերգակ. Գուժելով մահն Ոսկիին, և փըրկությունը Ույժին։ Կարկահներու անհամար կըկոցներուն մոլեգին Մեջեն կ'անցնին պատառները բուրդերուն մեծաշահ. Գեղմը փափուկ, ձյունեղեն, ատամներով պողպատյա Կը հոշոտվի գեշագեշ՝ անբըծության նըմանակ. Եվ ծըվենները թըռչուն թիթեռներու պես ճերմակ՝ Գըլաններու կատարին, պատերուն վրա կը թառին, Եվ կամ կ'իջնան լույսի պես՝ բանվորներու գըլուխին։ Թեռերն հետո նըրբոլոր, առեշներուն ընդմեջեն, Ճաճանչի նման հապըշտապ կը խուսափին ուղխորեն, Եվ շար ի շար, լուսաբեկ, բյուրապատիկ թելերով, Կը ջըրվեժվին ճախրին վրա ճախրակներուն մըշտհոլով՝ Որոնք արբշիռ կը դառնան, ու կը փաթթե՜ն, կը փաթթե՜ն Զանոնք իրենց հաստաբեստ իրաններուն վրա շըրջկեն։ Մեկ ծայրեն մյուսը կ'եռա գործատունն այս հաղթակերտ, Մեկ ծայրեն մյուսը կոռնան մեքենաները ժըմերտ Իրարու մեջ թավալող, և իրարմե արտալած Աշխարհներու Հանգունակ, անհունին մեջ խենթեցած։ Կը զեռա վարը կաթսան գոլորշիով առլըցուն՝ Ընդհատ ընդհատ պուղելով մեծ կափարիչն։ Որմերուն Աղյուսներն հար արյուններ կը քըրտընին շոգիեն. Ձեղունն ի վար կը կաթին արտասուքներ օդեղեն։ Կյանքը այստեղ կը ստեղծե խավարին մեջ մեռնելով… Վա՜րը, հընոցն անդադար դեռ կը կատղի բոցերով, Ոսկի՜, ոսկի՜ կը լափե, դուրս կը փըսխե միշտ մոխիր, Եվ ծուխին հետ միասին տարածելով լույս մը հիր՝ Կարծես արյուն կը ծեփե մեքենաներն ու մարդեր։ Այս գեհեն մ'է, գեհեն ուր կը հուսան, ո՞վ Ընկեր, Սա բանակները կըմախք, սա բանվորները ոսին. Եվ միշտ ի զուր կը խընդրեն ազատությունը օդին՝ Որուն մեջ խլուրդն իսկ լույսով և բուրումով կ'արբենա. Ի զո՜ւր անոնք կ'երազեն հողին համբույրը հըսկա՝ Զոր լիաբուռ սերմանողն՝ անմահության է հընձող. Ի զո՜ւր կ'ուզեն, ծիտին պես, լոգանքն երկնի լուսաշող. Աչքերն անոնց կը կուրնան արեգակի կարոտեն։ Միշտ կա երկաթն իրենց շուրջ, երկաթի ժխորն համորեն։ Մեքենա՜ն է իրենց տերն, իրենց օրենքը անեղծ, Որ կը մռընչե անդադրում հոգիներուն մեջ տըխեղծ, Որուն անոնք կ'աղերսե՜ն, կը ծառայե՜ն, կը հուսա՜ն, Եվ փոշիին կ'ըմպեն ուղխն՝ աղբյուրին տեղ ռոշնական։ Հընոցին բոց երախեն, ժանիքներեն ճախրակին Որպեսզի հացը կորզեն՝ տըվեր են կյանք գարնային։ Արդ կը տեսնեմ, ո՜վ Ընկեր, որ խորդացող այս գլաններ Պատերն ի վեր կը զգայռեն անմարսելի արյուններ. Եվ իրար մեջ թավալող անվակներն այս գահավեժ Կ'հափըշտակեն իրարու լինդե միսեր ռեշագեշ։ Ես կը տեսնեմ այս պահուս՝ որ աղմուկն այս խելահեղ, Մըշտաթավալ, շոգեմուղ մեքենաները ժանեղ Դահիճի պես կարմի՜ր են և կը պոռթկան ձեղունին Զիրենք ճընշող մեծ Եղեռն, անպատմելի Եղեռն հին՝ Որ կը սողա կռանակուռ իրենց փորին մեջ անկուշտ։ Երեկ, Ընկեր, սըրատամ սա ճախարակն արյունռուշտ Կատաղորեն հափափեց, փըշրեց ոսկոր առ ոսկոր, Աչքերնին լի գարունով զույդ մը կտրիճ գործավոր։ Ու դեռ կ'հոսին ծուփ առ ծուփ մինչև չորս ծագն Աշխարհին, Փողրակներուն ընդմեջեն տաք ալիքներն Ոսկիին։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հեթանոս երգեր
Տողերի թիվ 92