Անցնել բովանդակությանը

Հին սեր

«Հեթանոս երգեր» ժողովածու · «Հեթանոս երգեր»

Այս ստեղծագործությունը հասանելի է երկու ուղղագրությամբ՝ բարեփոխված և դասական
Մամ ու ծերուկ, երկու թարշամ հոգիներ, Եկան նըստիլ շուքին ներքև ծիրանվույն՝ Որուն քընքույշ Ծաղիկներն էին զարդարեր Օր մը գըլուխը հանվույն։ Անոնք սաստիկ կը դողդոջեն՝ իբր ըլլան Սիրահարներ հանկարծ իրար հանդիպած. Բայց քովերնին՝ ցուպե՛րն իրենց լոկ կը մնան Խոտին վըրա՝ գըրկըված։ Չունին այլևս հըրդեհումներն արյունին. Անոնց հոգին համբույրի երգը չունի. Ոչ ալ հոգնած կողերնուն մեջ կը ծաղկին Սերմերը՝ նման շուշանի։ Պապուն նայվածքն աչվըներուն մեջ մամուն Կը նվաղի՝ չըթափանցած դեռ սըրտին. Եվ կը մըսի գաղջ ճառագայթն արևուն Անոնց ծոցին մեջ ցըրտին։ Եթե փորձե՛ն իսկ տարփանքի փորձ մ'անմեղ Գարնան դըրդիչ բուրումներեն սըրարբած՝ Կը փըշրի՜ սիրտն՝ իբրև բաժակ մը բյուրեղ Հանկարծ կրակին դեմ ճաթած։ Վարդերն անցա՜ն, անցան բոցերն այտերե. Սերն անոնց կայծ մ'է մոխիրին մեջ թաղված՝ Զոր հիշատակն իր շունչով իսկ կը մարե Վայրկյան մ'հազի՛վ արծարծած։ Ու հիմակ այս գարնանային իրիկունն՝ Երբ կը բուրեն կինամոնները բըլրան՝ Կ'իյնա անոնց միտքը հին սերն հանկարծույն՝ Հին աղոթքի մը նման։ Եվ կը հիշեն, շուքին տակ նույն ծիրանվույն, Մեռած գըգվանքն, իրենց տարփանքը հեշտին, Հետո համբույրն ու հետո ճի՛չը մամուն՝ Եվ իրարու կը ժպտի՜ն…
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հեթանոս երգեր
Տողերի թիվ 32