Անցնել բովանդակությանը

Հասուն արտ

«Հացին երգը» ժողովածու

Արտըս ոսկո՜ւն է… Նըման բոցերու Ցորենն է բըռնկեր՝ Առանց այրելու։ Արտըս ոսկո՜ւն է… Երկինքն է կըրակ. Հողը խորխոլած Ծըղոտներուն տակ։ Արտըս ոսկո՜ւն է… Քառաշար հասկեր Քառաշար սաթով Արև՛ են հագեր։ Արտըս ոսկո՜ւն է… Բոռ, մեղու, պիծակ, Քիստերուն մեջեն Կ'անցնին զերդ փայլակ։ Արտըս ոսկո՜ւն է… Մերթ կ'ելլե, հովեն, Դեղձանիկ մը, թի՛ռ, Ոսկեծուփ ծովեն։ Օրո՜ր, ոսկո՛ւն արտ, Օ՜ր տուր, հասո՛ւն արտ, Գամ ոսկիդ հնձեմ Մանգաղով արծաթ։

Ստեղծագործության մասին

Դանիել Վարուժանի «Հասուն արտ» բանաստեղծությունը («Հացին երգը» ժողովածուից) հողի և հունձքի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 24 տող՝ բաժանված 6 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Հացին երգը
Տողերի թիվ 24