Անդապահը
«Հացին երգը» ժողովածու
— «Եհե՜. եհե՜. արտերուն մեջ մարդ մարդաձայն չը մըտնե՜»։
Հովեուն հետ սարեն եկող անդապահին աղաղակն է։
Ուսընդանութ պարկը կախած և մասրենի ցուպ մը ձեռքին՝
Ցորյաններու զըմրուխտին մեջ կը թափառի ան առանձին։
Արևներուն մեջ կը լողա ինչպես ամրան իշամեղուն։
Աչքերուն մեջ կը ծավալի կականչ երազը դաշտերուն։
Գիշերը մերթ սարին նըստած լուսինին դեմ կ՚ածե սըրինգ.
Խրտվիլակը ցանքին մեջեն, միակ ընկեր, կը լսե զինք։
Երգերուն տակ անդորրական հասկերն համայն կը ծոցվորին.
Կը կատաղի՝ երբոր զանոնք իր թևին տակ լըլկե քամին։
Ան սարսափն է բոլոր անոնց՝ որ կ՚ավրեն անդ ու անդաստան.
Կը խըռովեն շողքն արևուն, կը կոխկըրտեն հացը վաղվան։
Ի՜նչ խլուրդներ ըսպաննած, և պնդագլուխ ի՜նչ գոմեշներ
Հարվածներեն իր ճարահատ ճահիճներն են ապաստաներ։
Ան դեռ երեկ քաղվորներու չըքնաղ երամ մ՚հալածելով՝
Հարսի մը ոտքը ջախջախեց սատկած իշու մ'հաղթ ծնոտով։
Ու սարին վրա միշտ հովերո՜ւն, հովերո՜ւն հետ կ՚աղաղակե.
— «Եհե՜. եհե՜. արտերուն մեջ մարդ մարդաձայն չը մըտնե՜»։