Բախչովն անցան, բույր շնչեցին, ափսոս, որ վարդը չտեսան
«Տաղարան» ժողովածու · 1921
Բախչովն անցան, բույր շնչեցին, ափսոս, որ վարդը չտեսան,
Չոր ու դատարկ տեսքով տարված` հոգեկան, բարդը չտեսան։
Երգիս ձայնին մեջլիսն եկան, ու անտարբեր անցան նորից՝
Սրտիցս իրենց սիրտը գցած հոգեղեն կարթը չտեսան։
Եղա ինչպես ամառվա արտ` քանի դեռ սիրտ կար ու կրակ`
Ցողունների օսկով տարված՝ անսահման արտը չտեսան։
Քո՜ւյր, սիրեկան, օտար մարդիկ, բարեկամ ու անծանոթ
Մոտովս անցան՝ տաղերիս տակ կենդանի մարդը չտեսան։
Թեմաներ