Հենակ
1972
Նա մի ոտք ուներ ու մի որդի
Եվ մի հենակ ուներ։
Նա մահից մի ոտք էր փրկել
ու մի բարուր աշխարհ
և որդով վերապրելու մի հույս էր փրկել։
Նա մի ոտք ուներ,
որ հենակի հետ պար էր բռնել,
երբ մանկան ճիչն էր պայթել ականջներում նրա,
որ սրտի պես թունդ էր առել,
երբ առաջին քայլից կիսաորբն իրեն էր փարվել…
Ու հետո… ծերացել էր ոտքը,
Երբ իր միակ հույսը նրան՝ հենակի հույսին էր
թողել։
Իսկ հենակը… փայտ էր, չէր դիմացել,
ճաքճքել, մաշվել ու… տնքացել էր հենակը
Նա մի ոտք ուներ
ու մաշված մի հենակ…
Մի օր էլ փոստատարը գյուղից մետաղե մի հենակ
էր բերել։