Անցնել բովանդակությանը

Գետափին նորից ծիրանիները կծաղկեն

1972

Գետափին նորից ծիրանիները կծաղկեն, Երակ-երակ կտրոփեն կածանները ձորալանջի, Առաջին սիրո սարսուռով ձորը կմտնի աղջիկը, Տղան կգժվի առաջին համբույրից։ Ծաղկած ծիրանիները ծնծղաներ կդառնան, Լուսաբացը կդառնա սիրո օրհներգ, Իմ սիրտը կոռնա կարոտից, Կգալարվի մարմինս ցավագար, Կփլվեմ ծնկներիս, կչոքեմ Երկնի անսահմանության դիմաց, Աղոթքով շուրթերս կբանամ, Կփակեմ աչքերս մորմոքվող… Եվ սսկված տառապանքի մեջ դու կգաս, Դու կգաս իմ սիրո ուրվական, Կահագնանա մի մեծ պատարագ Ձայների ճչացող լռությամբ՝ Գարնան մեջ ծնված ու մեռած Իմ սիրո հոգու անմահության համար։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1972 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 18