Սեղանների տրտունջը
Երեկո էր։
Պատահաբար
Մի դասարան մտա ես։
Սեղանները՝ լուռ ու դատարկ,
Բողոքեցին ինձ այսպես։
— Չե՜մ դիմանում,— մեկը ճչաց,
Ծանր է բեռս, հոգնեցի,
Ինչպե՜ս պահեմ ես ինձ վրա
Միանգամից երկու ձի։
Մեկն էլ նրա կողքի շարքից
Տխուր տնքաց ու ճռռաց.
— Աշոտիկը հենց նոր մեջքիս
Փիղ նկարեց ու գնաց։
— Դա դեռ ոչի՞նչ,— մյուսն ասաց
Ձեզ նախշել են գրիչով,
Իսկ ինձ վրա անկարգ Արան
Փոս է փորել սրիչով։
— Չարաճճի տղաներին
Չեմ հանդիպել պարզապես,
Բայց նայելով սեղաններին՝
Ճանաչում եմ նրանց ես։
Եվ թող լսի կույր սրիչին
Ընկեր դարձած ձեռքը չար.
«Անկարգները տարեվերջին
Կպատժվեն անպատճառ»։
Այս բանաստեղծության հեղինակը մեզ հայտնի չէ։ Եթե գիտեք նրան, գրե՛ք մեզ։