Ռետինը
Ես Ռետինն եմ, ռետինը,
Լավ իմացեք իմ գինը…
Տանը լինի, դպրոցում,
Ճշտասեր եմ իմ գործում։
Հենց որ տեսնեմ սխալ բան,
Տեղնուտեղը կուլ կտամ։
Այ, հենց երեկ իմ տերը
Փռել էր իր թղթերը,
Նկարում էր ու գրում,
Իբր դաս էր սովորում։
Մեկ էլ ճչաց.
— Օգնեցե՜ք,
Սխալներից փրկեցե՜ք։
Վրա հասա և իսկույն
Մի այծ կերա կարմրագույն,
Մի քանի ուղտ՝ անսապատ,
Չորսոտանի տասը բադ,
Սխալ գրված հինգ-վեց բառ,
Կոտոշավոր երեք գայլ,
Հետո՝ բաներ այլևայլ։
Բայց մի գաղտնիք ասեմ ձեզ՝
Չեմ մեծանում մարդու պես։
Շատ ուտելը վատ է, վատ,
Բարակում եմ անընդհատ։
Այս բանաստեղծության հեղինակը մեզ հայտնի չէ։ Եթե գիտեք նրան, գրե՛ք մեզ։