Մի՛ մռայլվիր…
Մի՛ մռայլվիր ի՛մ սիրելի,
Թե հոգնել ես, էլ մի՛ մնա.
Թե գերում են քեզ աշխարհի հեռուները,
Այնտե՛ղ մնա։
Թե դաշտերին ես կարոտել,
Էլ մի՛ փակվիր դու իմ հովտում,
Թե լեռներն են հեռվից դյութել,
Մի՜ թախծիր այս ստորոտում։
Թե աչքեր կան աչքերիդ մեջ.
Էլ ինձ նայել զուր մի՛ ջանա.
Գնա՛, ու թե սերդ է անշեջ,
Դու ե՛տ կգաս, չե՛ս մոռանա…
Գիտե արդեն իմ լուռ հոգին՝
Նրա համար է աշխարհում
Վանդակը միշտ վանում թռչնին,
Որ դռները փա՛կ են պահում…