Մեր սերը
Հայաստա՛ն աշխարհ,
Դու մե՛րը եղար ու մերը չեղա՜ր,
Դրա համար էլ մենք քեզ սիրեցինք սիրահարի՝ պես…
Դու մե՛րը եղար,
Ինչպես որ մերն է մեր երակներում հոսող արյունը,
Եվ մերը չեղար,
Ինչպես մերը չէ Վարագա1 սարի արևածագը,
Սասնա անտառին իջնող մանանան2,
Մշո դաշտերը շոյող սոսափը…3
Դու մոտի՛կ եղար՝
Սրտիդ տրոփը մեր կոշտ ձեռքերին հաղորդելու՜ չափ,
Եվ հեռու եղար՝
Սահմանից այն կողմ
Անիի կարմիր ավերակներից մեզ երևացող
Մայր տաճարի՜ պես։
Դու տաք հո՜ղ եղար՝
Մեր պիրկ խոփերի4 տենչանքին հլու,
Մեր գգվանքներից ծլարձակող հո՜ղ,
Եվ միրաժ5 եղար
Կապույտ, անշոշափ ու անբռնելի,
Մենք՝ անվերջ հասնո՛ղ,
Իսկ դու՝ հեռացո՛ղ, անվերջ հեռացո՜ղ…
Հայաստա՛ն աշխարհ,
Դու այդպե՛ս եղար,
Եվ դրա համար մենք քեզ սիրեցինք
Ո՛չ հարազատի հանդարտիկ սիրով,
Այլ՝ սիրածի՛ պես, սիրահարի՜ պես.
Ցավո՛տ, ցավախա՜ռն
Երազով, լույսով, երգող տխրությամբ,
Մերթ խռովելով,
Մերթ հաշտվելով,
Քո գրկո՛ւմ անգամ՝ քեզ կարոտելո՛վ,
Քեզ կորցնելու ահից՝ տագնապա՛ծ,
Քեզ ունենալու խինդից՝ երջանի՜կ,
Եվ բախտիդ համար անվերջ, ամեն պահ մեռնել-ապրելո՜վ…
Հայաստա՜ն աշխարհ…
Ծանոթագրություններ
- 1 Վարագա լեռ — գմբեթաձև լեռնազանգված Թուրքիայում, Վասպուրականի բարձրավանդակում, Վանա լճից 10 կիլոմետր արևելք
- 2 մանանա — մի քանի բույսերի չորացած շաքարանման հյութը, որ օգտագործվում է որպես ուտելիք, ինչպես և դեղամիջոց, գազպեն: Ըստ Աստվածաչնչի ավանդության՝ երկնքից հրեաներին առաքվող սնունդ՝ անապատում նրանց թափառումների ժամանակ:
- 3 սոսափ — տերևների՝ ճյուղերի՝ ցողունների օրորվելուց՝ շարժվելուց առաջացող մեղմ ձայնը
- 4 խոփ — գութանի մետաղյա մասը, որ խրվում է հողի մեջ և պատռում դրա շերտը
- 5 միրաժ — Տեսողական երևույթ, որ տեղի է ունենում շոգ կլիմաներում, մանավանդ ավազոտ անապատներում, երբ հորիզոնից դուրս գտնվող առարկաները կամ երկնքի մի մասը երևում են օդի մեջ, օդատեսիլ: Խաբուսիկ՝ ցնորական երևույթ։