Ցավոտ սեր
Սենտիմենտալ եմ դարձել ես այնքան,
Լաց լինելու չափ դարձել եմ բարի,
Ուզում եմ գրկել պատահած մանկան,
Հեզ ականջ դնել դողդոջ ծերերին։
Հարցնել՝ ո՞ւր է հայրիկդ, բալիկ,
Որտե՞ղ է որդիդ, իմ տխուր եղբայր,
Ո՞ր օտար երկրում կռիվ է տալիս՝
Ձեզ ապրելու փող ղրկելու համար։
Թռչնահար կանանց՝ վաթսունին հակված,
Որ դեռ ջանում են երևալ ջահել,
Մոտենալ, ասել. "Ի՜նչ լավ ես հագված",
Ասել մի քիչ սուտ, բայց մոգիչ բառեր։
Ասել կնոջն այս՝ դեռ սիրունատես,
Պայուսակներով ծանր բեռնված,
— Հերիք Դուբայի ճամփեքը չափես,
Ինչ է թե տանը չմնան անհաց։
Դեսպանատան մոտ՝ շվար խմբերին
Տրտում թախանձել՝ որդիս, մի գնա.
Ձախորդ օրերը, կասեր Ջիվանին,
Կուգան ու կերթան, էսպես չի մնա։
Որդուն կորցրած մորը տեսնելիս
Ուզում եմ չոքել, մրմնջալ "Մեղա՜".
Աղետի գոտու տարապյալներից
Ես եմ ամաչում ուրիշի տեղակ։
Ուզում եմ փարվել մայր հողին, մարդկանց,
Չգիտեմ ինչո՞ւ՝ չչնջալ "ների՜ր"…
Սենտիմենտալ եմ դարձել ես այնքան,
Լաց լինելու չափ դարձել եմ բարի…