Անցնել բովանդակությանը

Գիշերն իջավ

Գիշերն իջավ անամպ, անհուն, Բյուր բյուրեղե ի՜նչ նուրբ անուն Տալ անուրջի այս սուրբ պահուն. — Ա՜խ, ապրելո՜ւ երջանկություն… Կանէանա նավն հեռակա, Լիճն երազ մ՚է, կա ու չըկա. Ջուրի շշունջն է լոկ վըկա, — Շշնջելո՜ւ երջանկություն։ Վերն հազար աստղ, վարն հազար լույս, Կիսաստվերին մեջ հոգեհույզ Կը խոսակցին քար, վըտակ, բույս. — Ա՜խ, իրերո՜ւ երջանկություն… Ու կձայնե մատուռն հստակ. — Սա ծերունի ծառերուն տակ, Այս քաղցրության մեջ բովանդակ Քարանալո՜ւ երջանկություն…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 16