Զարմայր Նահապետի մահը
1850
Ամպը եկավ ծածկեց սարերն ու ձորեր,
Չէր տեսնվիլ պատերազմի դաշտերը,
Մեգ մառախուղ կիջներ Իդա1 լեռներեն,
Գիշերային մութը պատեց դիերը։
Հյուսիսային հողմը փչեց սաստկագին,
Հազարամյա կաղնին շարժեց, դողացուց,
Ամպի միջեն փայլատակեց փայլակը,
Ակոսի պես պատռեց խավար երկինքը։
Դիակներու հըռնդյունը չէր լսվիր,
Քամին հեռու կտաներ սաստիկ փչելով,
Ամպի գոռալն կդղըրդեր երկիրը,
Մրրիկ, կայծակ խառնակված էր օդումը։
Հեռվանց կու գայր լաց ու սգո ձայները,
Տրոյացվոց և կամ հունաց բանակին,
Ամենեքյան յուրյանց մեռելն կպտռեն,
Այն չար օրը շատ կոտորվածք էր եղել։
Ճրագներով, լապտերներով կու պտռեն,
Մարդոց, որդվոց մարմինները կանայքը,
Ոմանք շալկած կըտանեին մեռելը,
Որն որ առաջ կու գտնեին արյան մեջ։
Ով ուներ տեր կու գտնվեր դիակը,
Դագաղներով կըտանեին այրելու,
Մայրը, քույրը, կինը, դուստրը միասին,
Յուր մեռելին կու տան վերջին պատիվը։
Ամպերու մեջ չկան աստղեր, խավար է,
Սև քող պատյալ սգավոր է երկինքը,
Քամին փչեց լապտերներուն՝ մթնացավ,
Պատերազմի տեղը բռնեց լռություն։
Բայց հեռուեն այն ի՞նչ լույս որ կերևի,
Իդա սարի կողմեն մեկ լույս կըփայլե,
Լույսն անդադար շարժման մեջ է քամիեն,
Այլ կվառվի և չորս կողմը լույս կու տա։
Սարի տակը կու երևի մեկ ճրագ,
Որ լապտերով կախված էր այն կաղնիեն։
Արդյոք ո՞վ կա այն մութ գիշեր այն տեղը,
Երևի որ պտռող չունի, անտեր է։
Կաղնվո տակը փռած էր մեկ լայն մորթի,
Կամ առյուծի էր այն, ընձու, կամ վագեր,
Վրեն պառկած էր կարեվեր2 քաջ զինվոր,
Մահու քրտինք տվել էր բոլոր մարմինը։
Երկու ձեռքով բռնել էր յուր մեկ կողքը,
Կամենում էր յուր արյունը դադարեցնել…
Միտքը բերեց յուր սիրելի Հայաստան։
Հոգվոց հանեց ցաված սրտի խոր տեղեն։
Միտքը բերեց յուր կարոտյալ հայրենին,
Նորոգվեցան յուր խոցերու ցավերը,
Արյունը հորդ բխեց խոր-խոր խոցերեն,
Այլ չմնաց այնուհետև կենաց հույս։
Վեր նայեցավ, տեսավ լուսով լապտերի՝
Ծառի ճյուղքեն կախված էր յուր աղեղը,
Կապարճը լի նետյուք ընկած գետինը,
Սուրը մոտն էր, բայց անպիտան՝ յուր տիրոջ։
Մոտը կանգնած էր միայն յուր երիվայր,
Շուտ-շուտ շնչով խըրխնջալով կըփչեր,
Ոտքով հողը փորփըրելով վեր ու վայր,
Յուր տիրոջը ցավոց կլիներ ցավակից։
Առանց ձայնի, առանց լեզվի, որպես թե
Կասեր տիրոջ հավատարիմ կենդանին.
— Մի՛ պառկիր դու այս մութ, խավար դաշտումը,
Մի՛ մնար դու այս կաղնու տակ այս գիշեր։
Վե՛ր կաց, հեծիր շուտ իմ վրեն, ի՛մ իշխան,
Ես կըտանեմ քեզ քո երկիր հայրենի,
Ես չորս ոտքըս կըտարածեմ գետինը,
Կըցածացնեմ մեջքս, որ դու հեշտ նստիս։
Ես բերնովս կըբռնեմ քո թևիցը,
Կըբարձրացնեմ, կըլինիմ քեզ օգնական,
Մի՛ մնար այս օտար, հեռի երկրումը,
Երթա՛նք հասնինք քո հայրենին՝ Հայաստան։
Ա՜խ քաշեց այն սաստիկ խոցված Զարմայրը,
Հուր բոց բխեց խորոց հոգվույն և սրտին,
Վազեց արյուն լայնաբերան խոր խոցեն,
Խավար մահու պատեց աչքին և սրտին։
Ասաց՝ «Արի՛, իմ քաջ ընկեր մտերիմ,
Արի՛, ազնիվ իմ երիվար, իմ նըժույգ,
Ես չեմ կարող մյուս անգամ քեզ հեծնել,
Թամքիդ վերա առաջվա պես այլ նստել։
Ասպանդակիդ այլ չեմ կարող ոտ դնել,
Եվ ոչ ձեռքով սանձդ բռնել մետաքսյա.
Այլ չեմ կարող քեզ հետ շրջիլ սար ու ձոր,
Պիտի մնամ կարոտ կանանչ դաշտերուն։
Քանի՞ անգամ մենք պատերազմ ենք տեսած,
Քեզ հետ մտել, քեզ հետ ողջմամբ դուրս եկած,
Ինձ շատ անգամ ծառայել ես մտերիմ,
Մեկ անգամ ևս կատարյա՛ իմ պաշտոնը,
Մեկ մոտ արի՛, ա՛ռ իմ հետին ողջույնը,
Սանձդ առնում այդ աներկյուղ քո գլխեն,
Մեկ համբուրեմ արտասվալից աչքերըդ,
Իմ ողջույնս տա՛ր հայրենի մեր երկիր։
Գնա՛, դարձի՛ր, շուտով հասի՛ր Հայաստան,
Որուն կարոտ պիտի մընամ այս տեղը.
Գընա մեր տուն, Արմավիրին տա՛ր համբավ,
Որ չըսպասե յուր իշխանի դառնալույն։
Որդվույս տեսնես ասա՛՝ չունիս այլ դու հայր,
Հայաստանն է այսուհետև քո ծնող,
Ասա՛՝ հայոց ձեր նահապետ Զարմայրը
Գետին դրեց յուր երկսայրի սուսերը։
Ասա՛՝ հայոց ձեր նահապետ Զարմայրը
Ձեռին չունի ահեղ գեղարդ և վահան,
Ասա՛՝ հայոց ձեր նահապետ Զարմայրը,
Այլ չէ կարող հըրաման տալ յուր զորաց։
Ասա՛՝ հայոց ձեր նահապետ Զարմայրը,
Չէ առաջնորդ քառսուն հազար բանակի.
Քաջ հայերը ցիրցան եղան դաշտի մեջ,
Ոչ ոք տեսավ յուր իշխանի մեռնելը։
Բայց երբ տեսնես դու նորահարս սևորած,
Որ գրկի մեջ մեկ հատ տղա ունենա,
Որ աչքերեն թափում լինի արտասուք,
Ու դաշտի մեջ պտռում լինի գերեզման,
Ու իմ անունս հիշում լինի անդադար,
Ու երեխին ասում լինի մշտապես,
Թե դու որբ ես ու հայր չունիս աշխարհի,
Այսուհետև քեզ չի ճանչընար Հայաստան.
Այսուհետև դու մի՛ տեսնիր Արմավիր,
Այսուհետև մի՛ հիշիր դու այն օրը,
Որ քեզ իշխան ազգի կոչեց Հայաստան,—
Իմացի՛ր, որ նա իմ կինն է խղճալի։
Մենակ նըրան մի՛ պատմիր դու իմ մահը,
Նա չէ կարող լսել այդ սև համբավը։
Թող չկաթե նորա աչքեն արտասուք,
Թող թաց չանե նա արտասվոք սև հողը։
Նըրան ասա՛, իմ սիրական սիպտակ ձի,
Թե քո մարդը օտար երկիր հեռավոր,
Ա՛յլ գեղեցիկ աղջըկան հետ պըսակվեց,
Քեզ մոռացավ, ո՛չ հիշեց քո անունը։
Ասա՛ նըրան, իմ սիրական սիպտակ ձի,
Թե քո մարդը Իդա սարի տակումը,
Նըշանածին առավ գիրկը պառկեցավ,
Աչքը խըփեց, քաղցր քնով քնեցավ։
Ասա՛ նըրան, իմ սիրական սիպտակ ձի,
Թե քո մարդը փեսայի պես պառկեցավ,
Հարսանիքն էր Իդա լերին հովտաց մեջ,
Հարսնարանը դիակներով զարդարած,
Առագաստն3 էր երկնից կապույտ կամարը,
Ճրագները՝ հրեղեն փայլակ և կայծակ,
Անկողինն էր սառն ու խավար գեջ4 հողը,
Նվագարան՝ ամպոց ահեղ գոռալը։
Մատանին էր լայնաբերան գեղարդը5,
Հարսնացուն էր անհաղթելին Աքիլլես6,
Փեսավերն7 էր հին բարեկամ Մեմնոնը8,
Եվ հարսնաքույր՝ Պանթազեղե Ամազոն9։
Իմ զարդարանք եղավ կարմիր արյունը,
Ողջագուրանք՝ դիոց մահու հըռընդյուն,
Նշանվեցա սուր սլաքոք նետերու,
Պսակվեցա պողովատիկ սուսերով»։
Ամպը եկաւ ծածկեց սարերն ու ձորեր,
Չէր տեսնուիլ պատերազմի դաշտերը,
Մէգ մառախուղ կ՚իջնէր Իդա լեռներէն,
Գիշերային մութը պատեց դիերը։
Հիւսիսային հողմը փչեց սաստկագին,
Հազարամեայ կաղնին շարժեց, դողացուց,
Ամպի միջէն փայլատակեց փայլակը,
Ակօսի պէս պատռեց խաւար երկինքը։
Դիակներու հռնդիւնը չէր լսուիր,
Քամին հեռու կը տանէր սաստիկ փչելով,
Ամպի գոռալն կը դղրդէր երկիրը,
Մրրիկ, կայծակ խառնակուած էր օդումը։
Հեռուանց կու գայր լաց ու սգոյ ձայները,
Տրոյացուոց եւ կամ յունաց բանակին,
Ամենեքեան իւրեանց մեռելն կը պտռեն,
Այն չար օրը շատ կոտորուածք էր եղել։
Ճրագներով, լապտերներով կու պտռեն,
Մարդոց, որդուոց մարմինները կանայքը,
Ոմանք շալկած կը տանէին մեռելը,
Որն որ առաջ կու գտնէին արեան մէջ։
Ով ունէր տէր կու գտնուէր դիակը,
Դագաղներով կը տանէին այրելու,
Մայրը, քոյրը, կինը, դուստրը միասին,
Իւր մեռելին կու տան վերջին պատիւը։
Ամպերու մէջ չկան աստղեր, խաւար է,
Սեւ քօղ պատեալ սգաւոր է երկինքը,
Քամին փչեց լապտերներուն՝ մթնացաւ,
Պատերազմի տեղը բռնեց լռութիւն։
Բայց հեռուէն այն ի՞նչ լոյս որ կ՚երեւի,
Իդա սարի կողմէն մէկ լոյս կը փայլէ,
Լոյսն անդադար շարժման մէջ է քամիէն,
Այլ կը վառուի եւ չորս կողմը լոյս կու տայ։
Սարի տակը կու երեւի մէկ ճրագ,
Որ լապտերով կախուած էր այն կաղնիէն։
Արդեօք ո՞վ կայ այն մութ գիշեր այն տեղը,
Երեւի որ պտռող չունի, անտէր է։
Կաղնուոյ տակը փռած էր մէկ լայն մորթի,
Կամ առիւծի էր այն, ընձու, կամ վագեր,
Վրէն պառկած էր կարեվէր քաջ զինուոր,
Մահու քրտինք տուել էր բոլոր մարմինը։
Երկու ձեռքով բռնել էր իւր մէկ կողքը,
Կամենում էր իւր արիւնը դադարեցնել…
Միտքը բերեց իւր սիրելի Հայաստան.
Հոգուոց հանեց ցաւած սրտի խոր տեղէն։
Միտքը բերեց իւր կարօտեալ հայրենին,
Նորոգուեցան իւր խոցերու ցաւերը,
Արիւնը յորդ բխեց խոր-խոր խոցերէն,
Այլ չմնաց այնուհետեւ կենաց յոյս։
Վեր նայեցաւ, տեսաւ լուսով լապտերի՝
Ծառի ճիւղքէն կախուած էր իւր աղեղը,
Կապարճը լի նետիւք ընկած գետինը,
Սուրը մօտն էր, բայց անպիտան՝ իւր տիրոջ։
Մօտը կանգնած էր միայն իւր երիվար,
Շուտ-շուտ շնչով խրխնջալով կը փչէր,
Ոտքով հողը փորփրելով վեր ու վայր,
Իւր տիրոջը ցաւոց կը լինէր ցաւակից։
Առանց ձայնի, առանց լեզուի, որպէս թէ
Կ՚ասէր տիրոջ հաւատարիմ կենդանին.
— Մի՛ պառկիր դու այս մութ, խաւար դաշտումը,
Մի՛ մնար դու այս կաղնու տակ այս գիշեր։
Վե՛ր կաց, հեծիր շուտ իմ վրէն, ի՛մ իշխան,
Ես կը տանեմ քեզ քո երկիր հայրենի,
Ես չորս ոտքս կը տարածեմ գետինը,
Կը ցածացնեմ մէջքս, որ դու հեշտ նստիս։
Ես բերնովս կը բռնեմ քո թեւիցը,
Կը բարձրացնեմ, կը լինիմ քեզ օգնական,
Մի՛ մնար այս օտար, հեռի երկրումը,
Երթա՛նք հասնինք քո հայրենին՝ Հայաստան։
Ա՜խ քաշեց այն սաստիկ խոցուած Զարմայրը,
Հուր բոց բխեց խորոց հոգուոյն եւ սրտին,
Վազեց արիւն լայնաբերան խոր խոցէն,
Խաւար մահու պատեց աչքին եւ սրտին։
Ասաց՝ «Արի՛, իմ քաջ ընկեր մտերիմ,
Արի՛, ազնիւ իմ երիվար, իմ նժոյգ,
Ես չեմ կարող միւս անգամ քեզ հեծնել,
Թամքիդ վերայ առաջուայ պէս այլ նստել։
Ասպանդակիդ այլ չեմ կարող ոտ դնել,
Եւ ոչ ձեռքով սանձդ բռնել մետաքսեայ.
Այլ չեմ կարող քեզ հետ շրջիլ սար ու ձոր,
Պիտի մնամ կարօտ կանանչ դաշտերուն։
Քանի՞ անգամ մենք պատերազմ ենք տեսած,
Քեզ հետ մտել, քեզ հետ ողջմամբ դուրս եկած,
Ինձ շատ անգամ ծառայել ես մտերիմ,
Մէկ անգամ եւս կատարեա՛յ իմ պաշտօնը,
Մէկ մօտ արի՛, ա՛ռ իմ յետին ողջոյնը,
Սանձդ առնում այդ աներկիւղ քո գլխէն,
Մէկ համբուրեմ արտասուալից աչքերդ,
Իմ ողջոյնս տա՛ր հայրենի մեր երկիր։
Գնա՛, դարձի՛ր, շուտով հասի՛ր Հայաստան,
Որուն կարօտ պիտի մնամ այս տեղը.
Գնայ մեր տուն, Արմավիրին տա՛ր համբաւ,
Որ չսպասէ իւր իշխանի դառնալոյն։
Որդուոյս տեսնես ասա՛՝ չունիս այլ դու հայր,
Հայաստանն է այսուհետեւ քո ծնող,
Ասա՛՝ հայոց ձեր նահապետ Զարմայրը
Գետին դրեց իւր երկսայրի սուսերը։
Ասա՛՝ հայոց ձեր նահապետ Զարմայրը
Ձեռին չունի ահեղ գեղարդ եւ վահան,
Ասա՛՝ հայոց ձեր նահապետ Զարմայրը
Այլ չէ կարող հրաման տալ իւր զօրաց։
Ասա՛՝ հայոց ձեր նահապետ Զարմայրը
Չէ առաջնորդ քառսուն հազար բանակի.
Քաջ հայերը ցիրցան եղան դաշտի մէջ,
Ոչ ոք տեսաւ իւր իշխանի մեռնելը։
Բայց երբ տեսնես դու նորահարս սեւորած,
Որ գրկի մէջ մէկ հատ տղայ ունենայ,
Որ աչքերէն թափում լինի արտասուք,
Ու դաշտի մէջ պտռում լինի գերեզման,
Ու իմ անունս յիշում լինի անդադար,
Ու երեխին ասում լինի մշտապէս,
Թէ դու որբ ես ու հայր չունիս աշխարհի,
Այսուհետեւ քեզ չի ճանչնար Հայաստան.
Այսուհետեւ դու մի՛ տեսնիր Արմաւիր,
Այսուհետեւ մի՛ յիշիր դու այն օրը,
Որ քեզ իշխան ազգի կոչեց Հայաստան,—
Իմացի՛ր, որ նա իմ կինն է խղճալի։
Մենակ նրան մի՛ պատմիր դու իմ մահը,
Նա չէ կարող լսել այդ սեւ համբաւը։
Թող չկաթէ նորա աչքէն արտասուք,
Թող թաց չանէ նա արտասուոք սեւ հողը։
Նրան ասա՛, իմ սիրական սիպտակ ձի,
Թէ քո մարդը օտար երկիր հեռաւոր,
Ա՛յլ գեղեցիկ աղջկան հետ պսակուեց,
Քեզ մոռացաւ, ո՛չ յիշեց քո անունը։
Ասա՛ նրան, իմ սիրական սիպտակ ձի,
Թէ քո մարդը Իդա սարի տակումը,
Նշանածին առաւ գիրկը պառկեցաւ,
Աչքը խփեց, քաղցր քնով քնեցաւ։
Ասա՛ նրան, իմ սիրական սիպտակ ձի,
Թէ քո մարդը փեսայի պէս պառկեցաւ,
Հարսանիքն էր Իդա լերին հովտաց մէջ,
Հարսնարանը դիակներով զարդարած,
Առագաստն էր երկնից կապոյտ կամարը,
Ճրագները՝ հրեղէն փայլակ եւ կայծակ,
Անկողինն էր սառն ու խաւար գէջ հողը,
Նուագարան՝ ամպոց ահեղ գոռալը։
Մատանին էր լայնաբերան գեղարդը,
Հարսնացուն էր անյաղթելին Աքիլլես,
Փեսաւերն էր հին բարեկամ Մեմնոնը,
Եւ հարսնաքոյր՝ Պանթազեղէ Ամազոն։
Իմ զարդարանք եղաւ կարմիր արիւնը,
Ողջագուրանք՝ դիոց մահու հռնդիւն,
Նշանուեցայ սուր սլաքոք նետերու,
Պսակուեցայ պողովատիկ սուսերով»։
Զարմայրը Խորենացու հիշատակած ավանդական նահապետն է, որ Ասորեստանի Տևտամոս թագավորի հորդորով հայկական և եթովպական զորքով մասնակցել է Տրոյայի պատերազմին և զոհվել։
Ծանոթագրություններ
- 1 Իդա — Տրոյայի մոտ գտնվող լեռնաշղթա
- 2 կարեվեր — ծանր վերքեր ստացած
- 3 առագաստ — այստեղ՝ փխբ. ամուսինների ննջարան՝ մահճակալ
- 4 գեջ — թաց, խոնավ
- 5 գեղարդ — փայտե կոթով զենք, որի ծայրին ամրացված էր տափակ կամ եռանիստ երկաթյա տեգ
- 6 Աքիլլես — տրոյական պատերազմի հերոս
- 7 փեսավեր — փեսայի մտերիմ ընկերը հարսանիքի ժամանակ
- 8 Մեմնոն — հետհոմերոսյան առասպելներում Տրոյական պատերազմի հերոսներից մեկը՝ եթովպացիների թագավորը
- 9 Պանթազեղե Ամազոն — ամազոնուհիների թագուհի. Տրոյական պատերազմի ժամանակ օգնության է եկել տրոյացիներին և սպանվել Աքիլլեսի կողմից (մի այլ տարբերակ՝ Աքիլլեսը գերի է վերցրել Պ-ին և ամուսնացել նրա հետ)