Անցնել բովանդակությանը

Թալանած գեղ

1876

Այս ստեղծագործությունը հասանելի է երկու ուղղագրությամբ՝ բարեփոխված և դասական
Ծուխը ամպի պես կելլեր դեպի վեր, Տընտըղի նման բոցը կըքալեր. Տուն, եկեղեցի, պարտեզ ու այգի Անսիրտ, անհոգի մատնած են կրակի։ Հայերն հոտի պես սարսած կը վազեն, Անցնող-դարձողեն օգնություն կուզեն. Օգնությո՞ւն։ Խեղճե՜ր։ Կատղած օսմանլին Չար մահ կըսպառնա զարհուրած հային։ Մայրը կականով կը փընտրե աղջիկ, Աղջըկան գերի տարավ չար տաճիկ, Իր որդուն կուզե հայրը շըվարած, Որդուն կըտեսնե խազուխի դըրած։ Հայի հավաքած մալը աղքատին Հելալ փայ եղավ անկըշտում քյուրդին, Խեղճը հուսահատ կ՚աշե երկընքին, Կսպասե նըպաստ հրեշտակաց զորքին։ Խաբուսի՜կ հույսեր… Դեռ շատ ու շատ դար Պիտի խաբվիս, հա՛յ, ինչպես խաբվեցար։ Թե ինքըդ չանես քու գըլխու ճարը, Ե՞րբ պիտի օգնե քեզի օտարը… Խե՜ղճ մարդ, մի անգամ մեռնելե վախցար. Մինչ մահվան օրըդ հազար մահ տեսար, Հազար մեռնելըդ հազար ցավերով, Զավակիդ փոսը ձեռքովդ փորելով… Դու միշտ եղբորըդ անտերունչ թողիր, Մատիդ ծայրովը նորան չօգնեցիր. Գլուխն առավ խեղճը, գընաց հեռացավ… Հայաստան ձեռքեդ ամայի դարձավ։ Դու կարծեցիր թե՝ ոսկին մեծ բան է, Ամեն մի ցավի, դարդի դարման է. Ապա հե՞ր ոսկիդ քեզի չի օգնեց, Կընկադ, զավակիդ մահե չի փըրկեց… Ա՜խ, հայե՛ր, հայե՛ր, թե որ ձեր ոսկին Կիսով չափ զոհվեր հօգուտ հայ ազգին, Առմիշտ կըդադրեր ձեր լացն ու կական Ու դրախտ երկրավոր կըլլար Հայաստան։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Թալանած գեղ» բանաստեղծությունը (1876) Արևմտյան Հայաստանի և տխրության մասին։

Հրդեհված գյուղի պատկերից՝ ծուխ, փախչող հայեր, աղջկա ետևից կականող մայր, խազուխի դրած որդի, բանաստեղծությունն անցնում է անհասցե հույսերի դատապարտման. հազար դար պիտի խաբվես, եթե ինքդ քո գլխի ճարը չանես։ Վերջին տունը հայերի ոսկուն է դիմում։

Ստեղծագործությունը պարունակում է 36 տող՝ բաժանված 9 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1876 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 36