Անցնել բովանդակությանը

Փեսաներ

1883

1

Տո՛ւր ինձ սիրտըդ, ո՛վ հայ աղջիկ, Ես երջանիկ քեզ կանեմ, Ազգ ու ազինք կընըվաճեմ Ու ոտքիդ տակ կըդընեմ. Քու սիրուն ես կըկողոպտեմ Պարսկին, թուրքին, տաճիկին. Աշխարհք անցնիս՝ դու չես գըտնիլ Երջանիկ քեզ նըման կին։ Ձեռքըդ կառնուս кнут ու розга- Տո՛ւր թե կըտաս աջ ու ձախ, Ծառայք, նաժիշտք՝ Машка, Кузька Միշտ կունենան քեզմե վախ. Շիշ ու штоф-ը водка-յով լի Պահարանիդ մեջ շարած… Աղջիկ՝ այսպես կյանք բարելի Կըխոստանա քեզ Աստված։ Չէ՛, ռուս փեսա, այդ բաներուն Չի ախորժալ հայ Եվան…

2

Ինձ տո՛ւր սիրտըդ, ո՜վ հայ աղջիկ, Ես երջանիկ քեզ կանեմ, Գոհարի մեջ կըթաթախեմ, Կանանոցըս կըտանեմ. Գիշեր, ցերեկ խունկ, հալվեներ Քու առջևը կըծըխին, Վարդաջըրի շատրվաններ Ոտքերիդ տակ կըբըխին. Չես անջատիլ դու իմ գրկեն Ջերմ համբուրով արբեցած, Սև նաժիշտներ քու ակնարկին Կըդիտեն միշտ սարսեցած։ Չէ՛, թուրք փեսա, այդ բաներուն Երբեք ես չեմ ախորժալ, Դու այդ ամեն երջանկությունն Թող վայելե թուրք գոզալ։

3

Տո՛ւր ինձ սիրտըդ, ո՜վ հայ աղջիկ, Ես երջանիկ քեզ կանեմ, Շինիոն, ռոթոնդ, մանթո, թուռնյուռ Քեզմեն անպակաս կանեմ. Տոն օրերը, կեսօրեն ետ, Ուղիղ կերթանք Բալ-Մաբիլ, Կուշտ կըպարես թռանբլան, քանքան, Վալս, մազուռքա ու քադրիլ։ Ուրախ կանցնի մանկությունըդ, Կապրիս ինչպես թիթեռնիկ, Դարձուր երեսդ հայութենե, Ապրե՛ մեզ պես երջանիկ։ Գաղղիացի՜, այդպես կյանքի Հայ աղջկունք սեր չունին. Կյանքի այդքան մեծ բարիքին Հասցուր դու քու մամզելին։

4

Ինձ տո՛ւր սիրտըդ, ո՜վ հայ աղջիկ, Ես երջանիկ քեզ կանեմ, Երշիկ, ապուխտ ու գարեջուր Բերնեդ անպակաս կանեմ։ Իմ տան մեջը դու կըլինիս Իսկական մայր, տանտիկին,— Ամբողջ օրը վաֆլի կեփես, Ծիծ կուտաս քու մանկիկին։ Պահարանըդ, սընդուկներըդ Կըլըցնեմ ճոխ ավարով, Գաղղիայեն գողցած, թալնած Արծաթեղեն իրերով։ Թեվթոն փեսա, այդպես կյանքին Ես ախորժակ, սեր չունիմ, Այդ խոստացած քու բարիքին Հասցուր դու քու ֆռեյլեյնին։

5

Ձեռքըդ ինձ տո՛ւր, իմ նազելի, Թողնենք այս նոր Խուժաստան Հայոց ազգիս. գաղթենք դեպի Վանը,— մեր բուն Հայաստան, Այնտեղ, թեև մեզ չի մընում Անդորրությունն, կյանք փափուկ, Գեթ չենք ստիպվիլ սուրբ զգացմունքը Պահել սըրտի մեջ ծածուկ. Հայ լինելե չենք ամաչիլ, Անտեր, նըժդեհ չենք մընալ, Սերն օտարի (գարշելի բեռ) Կեղծ ժըպիտով չենք մուրալ։ Կյանքի կեսը ըստրուկ եղանք, Գեթ կեսն լինինք մենք ազատ. Ազատությունն կուտա մարդուս Լոկ յուր հողը հարազատ։ Գուցե այնտեղ մեզ կըսպասե Բանդ, թույն, աքսոր ու տանջանք… Ի՞նչ փույթ, երբ հայ հողի վըրա Մահն էլ կլինի մեզ պարծանք։ Տո՛ւր, ուրեմն, ինձ քու ձեռքը, Թողնենք այս նոր Խուժաստան Հայոց ազգիս. գաղթենք դեպի Վանը,— մեր բուն Հայաստան։ Ա՛ռ իմ ձեռքը, ա՛ռ իմ սիրտը, Հայ պատանի իմ անգին, Զինակից եմ, քեզ ընկեր եմ, Մինչ քու մեջ կա հայ հոգին։

Ռուսերեն բառերը (кнут, розга, Машка, Кузька, штоф, водка) բնագրի մասն են՝ ռուս փեսայի խոսքի երգիծական միջոց։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Փեսաներ» բանաստեղծությունը (1883) կինի և հայրենիքի մասին։

Հինգ փեսացու հայ աղջկան նույն խոսքով են դիմում՝ «Տո՛ւր ինձ սիրտդ, ես երջանիկ քեզ կանեմ». ռուսը մտրակ ու օղի է խոստանում, թուրքը՝ հարեմ, ֆրանսիացին՝ Բալ-Մաբիլ ու քանքան, գերմանացին՝ երշիկ ու գարեջուր, և ամեն մեկը մերժվում է։ Հինգերորդը հայ պատանին է՝ Վան գաղթելու առաջարկով, և աղջիկն իրեն զինակից է անվանում։

Ստեղծագործությունը պարունակում է 94 տող՝ բաժանված 5 մասի։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1883 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 99