Անցնել բովանդակությանը

Կարապի երգս

1884

Դեռ շատ սակավ էին օրերն իմ կյանքին, Քաջ էր սիրտըս, չէ՛ր տըրորած իմ հոգին, Դեռ երեսիս վիշտը ակոս ձըգած չէր, Դառնությունն էլ աշխարհիս ինձ ծանոթ չէր։ Քնարիս արծաթ լարի ձայնն էր անուշիկ, Հաճախ երգում էի ես կյանք երջանիկ, Այսօրովըս ես գոհ էի շատ ու շատ, Վաղվա համար էլ ունեի մեծ հավատ. Կարծում էի՝ «Շատ է թեթև նըշմարք տամ, Որ դյուցազանց իսկույն գա իմ շուրջ երամ, Սար ու ձորեր չափ կու տանք ու կը թըռչենք, Մեր առջևի խոչք ու խութքը կը փըշրենք, Որ հայերի սըրտեն վախը փարատենք Ու ըստրկի կյանքեն նոցա ազատենք»… Անցան տարիք, անցավ կյանքիս գարունը, Եռացկուն այն գոլացավ իմ արյունը, Չըքնաղի գեղ և համբուրի, ո՜հ, հըրճվանք Է՛լ չեն հանում իմ քընարից արձագանք։ Եվ նեկտարը, որ միշտ բացում էր հոգիս, Ծանըր թըմիր բերում է արդ իմ կոպքիս. Է՛լ չեմ պըտրում ես աշխարհի բերկրություն, Անդարձ կորավ իմ կարճ կյանքի թարմություն… Մ՚ինձ մոտեցնեք փըրփըրադեզ գավաթը, Ծաղկունքով մի՛ զարդարեք իմ ճակատը, Սիրտըս հազիվ ժաժ է գալիս կըրծքումըս… Բայց է՞ր նորից եռ է գալիս արյունըս, Է՞ր ձըգվում են ջիլերը իմ բազուկին, Արծվո նըման սավառնում է իմ հոգին, Է՞ր համրախոս լեզուս դառնում է ճարտար, Սիրտըս մեջըս որոտում է անդադար, Է՞ր իմ թըմրած աչքես փախչում է քունը, Երբ որ լըսում եմ հայ ազգի անունը։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Կարապի երգս» բանաստեղծությունը (1884) խոհի և հայրենիքի մասին։

Ծերացող բանաստեղծի հաշվետվություն. պատանի հասակում կարծում էր, թե մի նշանով դյուցազների երամ կհավաքի, հիմա արյունը գոլացել է, և գավաթն ու ծաղկեպսակը էլ պետք չեն։ Բայց վերջին տունը հարցնում է, թե ինչու է արյունը նորից եռում, երբ հայ ազգի անունն է լսում։

Ստեղծագործությունը պարունակում է 32 տող՝ 14-11-7 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1884 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 32