Անցնել բովանդակությանը

Մեր նոր սերունդը

1884

Ազնիվ քլուբին եմ անդամ, Հագվում եմ ճոխ, զարդարուն, Կընոջըս էլ շատ անգամ Պարելու հետս եմ տանում. Լոկ իմ զեխության համար Առատությունս կիմացվի, Լոկ իմ զեխության համար Իմ գըրպանը կը բացվի։ Բայց որ ժամ եմ ես գընում, Դողդըղում եմ անդադար, Երբ խունկ ու մոմ եմ տեսնում — Անօգո՜ւտ ծախք ինձ համար. Խընդրեմ գլուխըս մի՛ տանեք, Իմ օր-արևը վըկա, Խընդրեմ, գլուխըս մի՛ տանեք Գըրպանումըս փող չի կա։ Խաղաթուղթը ձեռքումըս Վատնում եմ փող աջ ու ձախ, Կոպեկ չիկա ծոցումըս, Բայց երեսիս է ծիծաղ. Լոկ իմ շռայլության համար Առատությունս կիմացվի, Լոկ իմ շռայլության համար Իմ գըրպանը կը բացվի։ Դեմքես լեղի կը թափի, Թե որ տարին մի անգամ Հասարակաց մի օգտի Երկու-երեք կոպեկ տամ. Խընդրեմ, գըլուխըս մի՛ տանեք, Իմ օր-արևը վըկա, Խընդրեմ, գլուխըս մի՛ տանեք, Գըրպանումըս փող չի կա։ Անձնավաճառ մի նուգբար Երբ գալիս է մեր տեղը, Ա՜խ, դարձնում է խելագար Ինձ նորա սերն ու գեղը. Լոկ իմ շընության համար Առատությունս կիմացվի, Լոկ իմ շընության համար Իմ գըրպանը կը բացվի։ Բայց երբ տեսնեմ աղքատին, Ուսումնատենչ օրիորդ, Ապագա փառք մեր ազգին՝ Ձեռնտըվության իմ կարոտ. Խընդրեմ, գլուխըս մի՛ տանեք, Իմ օր-արևը վըկա, Խընդրեմ, գլուխըս մի՛ տանեք, Գըրպանումըս փող չի կա։ Անգղիական չուխայից՝ Գաղղիական ճաշակով Ձևած կարած հալավից Կը հրաժարվի, ասե՛ք, ո՞վ. Լոկ իմ պըճնության համար Առատությունս կիմացվի, Լոկ իմ պըճնության համար Իմ գըրպանը կը բացվի։ Բայց ցընցոտի շորերով Աղքատ պանդուխտ որ տեսնեմ, Երկյուղիցըս օրերով Ախորժակըս կը կորցնեմ. Խընդրեմ, գլուխըս մի՛ տանեք, Իմ օր-արևը վըկա, Խընդրեմ, գլուխըս մի՛ տանեք, Գըրպանումըս փող չի կա։ Չունիմ պաշտոն, բայց նշանք Զարդարում են իմ լանջը. Չարած գործիս գովասանք Սիրում է իմ ականջը. Լոկ իմ սուտ փառքի համար Առատությունս կիմացվի, Լոկ իմ սուտ փառքի համար Իմ գրպանը կը բացվի։ Բայց լըրագիրն ասում է. «Հայն կարոտ է օգնության, Մեր նըպաստին սպասում է Եղկելի Մայր-Հայաստան». Խընդրեմ, գլուխըս մի՛ տանեք, Իմ օր-արևը վըկա, Խընդրեմ, գլուխըս մի՛ տանեք, Գըրպանումըս փող չի կա։ Ձիս թանկագին, սանձակոծ, Կառքըս բերած Վեննայից, Երբ մըտնում եմ ես փողոց, Կրակ թափվում է անիվից. Լոկ իմ պերճության համար Առատությունս կիմացվի, Լոկ իմ պերճության համար Իմ գըրպանը կը բացվի։ Բայց թե լըսեմ՝ Վանեցին Սոված անցնում է օրը, Քշել է քուրդըն եզն ու ձին Ու փըշրել է արորը. Խընդրեմ, գլուխս մի՛ տանեք, Իմ օր-արևը վըկա, Խընդրեմ, գլուխս մի՛ տանեք, Գըրպանումս փող չի կա։ Վա՜յ քեզ, Վան, թե ախորժակ Դու իմ փողին ունենաս, Անշուշտ երկար ժամանակ Պիտի պահես ծոմ ու պաս։ «Հայեն հային շահ չի կա»՝ Այս խոսքը հին առած է. Հայ կուրծքի մեջ սիրտ չի կա, Եթե կա էլ՝ սառած է։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Մեր նոր սերունդը» բանաստեղծությունը (1884) երգիծանքի և ագահության մասին։

Երկու կրկներգով երգիծանք. զեխության, խաղաթղթի, պճնության ու սուտ փառքի համար «իմ գրպանը կբացվի», իսկ ժամի մոմի, աղքատ օրիորդի, պանդուխտի ու Վանի համար «խնդրեմ, գլուխս մի՛ տանեք, գրպանումս փող չկա»։ Վերջին տունը հին առածն է հաստատում՝ հայից հային շահ չկա։

Ստեղծագործությունը պարունակում է 104 տող՝ բաժանված 13 ութատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1884 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 104