Անցնել բովանդակությանը

Ի՞նչ է մեզ պակաս

1879

Նվեր օրիորդ Գայանե Հովհաննիսյանին

Առավոտ կանուխ հայի երեխայք Դըպրոց են վազում զըվարթ ու արագ, Հըլու, ուշադիր սովրում են համար, Պատրաստում աննյութ գանձ ազգի համար։ Բըթամիտ տըղա հայ շա՞տ տեսած կաս,— Ի՞նչ է մեզ պակաս։ Հենց որ ժամկոչը զանգակը հընչեց, Դեռ լուս ու մութ է. մեր Հայը բացեց Դուքան ու դազգյահ։ Ձեռքումը արագ Շարժում է ասեղ, սըղոց և ուրագ։ Հայ արվեստավոր ծույլ շա՞տ տեսած կաս,— Ի՞նչ է մեզ պակաս։ Տես, տես, գլորվում է բըլուր ահագին, Դա է բեռնակիր պանդուխտ Մըշեցին, Արուն-քըրտինքով, հայրական գըթով Տուն-տեղ պահում է Հայի ամոթով։ Անպիտան մըշակ դու շատ տեսած կաս,— Ի՞նչ է մեզ պակաս։ Ժամի խորշումը կա գետնատարած Մի խըղճուկ այրի, մատաղ, սևազգյաց, Աչքը արտասուք, սիրտն հուսով լըցված, Իր սուրբ հավատին պինդ ապավինած։ Կրոնազուրկ հայ կին դու շա՞տ տեսած կաս,— Ի՞նչ է մեզ պակաս։ Բերդըն անառիկ կա սարի վըրան, Անթիվ թընդանոթք են նորա պաշտպան, Հայ քաջ զորականք նորան մոտեցան, Անառիկ պարիսպք գետնին գլորեցան։ Լոռիս այլազգյաց մեջ շա՞տ տեսած կաս,— Ի՞նչ է մեզ պակաս։ Ամայի դաշտ է։ Դարերէ ի վեր Նորա մեջ կային վայրագ գազաններ։ Հենց որ Հայերի ոտքն այնտեղ հասավ, Ամայի վայրը Աստծու դրախտ դարձավ։ Շնորհազուրկ հայեր դու շա՞տ տեսած կաս,— Ի՞նչ է մեզ պակաս։ Դարերե ի վեր Հայն է հալածված, Ինչո՞ւ։ Էնդուր որ շատ է աչքաբաց… Լումա լումայով գումար ժողովեց, Անթիվ դըպրոցներ ամեն տեղ հիմնեց։ Հայի պես խելոք շա՞տ ազգ տեսած կաս,— Ի՞նչ է մեզ պակաս։ Չէ՛, հայը չունի իր մեջ գիծ թերի, Ամեն գործի մեջ հըմուտ է, արի. Հայե՛ր, չի լինիլ անտեղի գովեստ, Թե ձեզ անվանեմ խելոք, ժիր, համեստ. Միայն կըմնա ձեզ իրար սիրել,— Ու աշխարհ տիրել։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Ի՞նչ է մեզ պակաս» բանաստեղծությունը (1879) հայրենիքի և երգիծանքի մասին։

Յոթ պատկեր հայի առաքինություններից՝ դպրոց վազող երեխա, առավոտ կանուխ դուքան բացող արհեստավոր, բեռնակիր մշեցի, հավատով ապրող այրի, Լոռիս-Մելիքովի բերդառումը, և ամեն մեկից հետո նույն հարցը՝ ի՞նչ է մեզ պակաս։ Պատասխանը վերջին տանն է՝ իրար սիրելը։

Ստեղծագործությունը պարունակում է 48 տող՝ բաժանված 8 վեցատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1879 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 48