Անցնել բովանդակությանը

Հավատ, հույս, սեր

1879

Հարսը Կարին տըխուր նըստած, Աչքը դուռը փեսին մընար, Հարսնևորներն չորս դին փաթթած, Ո՛չ կըսըգար և ո՛չ կուլար։ Դառըն արցունք չէին ցոլալ Նորա փայլուն սեգ աչքերին, Զուր գանգատը հովին չէր տալ Թևոց վըրա տանիլ փեսին։ Նա տըխուր էր, նա տըրտում էր, Որ յուր փեսան է ուշացած, Հարսնևորներն են անհամբեր, Երաժիշտներն են ժողովված։ Ե՞րբ պիտի գա իմ թագավորն, Զորքն ետևեն, թուրը ձեռքին, Դրոշակները ծածան-ծածան, Ականակուռ թագը գըլխին։ Ե՞րբ պիտի գա իմ թագավորն, Որ ես հասնիմ իմ սուրբ ուխտին, Մըտցնե ինձ յուր առագաստը… Ե՞րբ պիտ հասնիմ իմ մուրատին։ Փեսան մոլար տար — աշխարհներ Գիտեր վիշտը իր նազելուն, Երես չուներ հանդեպ երթալ, Սուրբ պըսակին արժանանալ։ Պողպատ սուրը էր ժանգոտած, Ականակուռ թագը կորած, Անպարտելի զորքը ցիր ցան, Դրոշակները պատառոտած։ Ոսկի, արծաթ չուներ պատրաստ, Քիչ էր թիվը բարեկամաց, Արենակից ազգականներն Էին նորան չարանախանձ։ Թեև մատաղ էր հասակով, Բայց անվեհեր նա սիրտ ուներ, Վըհատություն, փոքրոգություն Տըղա տիոց նա չըգիտեր։ Մնացել էր կանուխ որբիկ. Քնքույշ ծընողք նա տեսած չէ՛ր։ Կյանքի անփորձ, ուսման տըգետ, Ձեռնարկի մեջ անհաջող էր։ Սիրուն Կարին, խոսքս լսե. Սիրտդ անբիծ միշտ պահպանես, Շատը գընաց, քիչը մընաց, Չլինի սըրտեդ հույսը հանես։ Օտար աշխարհ ես ման պիտ գամ, Խելք պիտ սովրիմ, ոսկի ստանամ, Բարեկամներս պիտի շատցնում, Գալու օրերս ապահովցնում։ Թըշնամու ձեռքն է իմ թագը, Պիտի երթամ գըտնեմ, ճարեմ, Պատըռտած է իմ դրոշակը, Այն էլ ձեռքովս պիտի կարեմ։ Կուգա օրը (այն հեռու չէ) Մեր արևն էլ պիտի պարզի, Պիտի պարզի իմ դրոշակը, Չորս դիս զորքը պիտի ժողվի։ Շուք ու փառքով ես կարտորամ Գալ քու առջև, նազելի՛ հարս. Բայց ինձ սիրել դու չի՛ դադրիս, Հավատ, հույսեդ չի՛ թուլանաս։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Հավատ, հույս, սեր» բանաստեղծությունը (1879) Կարինի և հայրենիքի մասին։

Այլաբանություն հարսի ու ուշացող փեսայի մասին. Կարին հարսը թագավոր փեսայի է սպասում, իսկ նա օտար աշխարհում է թափառում՝ սուրը ժանգոտած, թագը կորած, դրոշակը պատառոտած։ Փեսայի խոստումը՝ ուսում առնել, թագը գտնել, դրոշակն իր ձեռքով կարել, հայրենիքի ազատագրման հույսն է հարսանեկան լեզվով։

Ստեղծագործությունը պարունակում է 60 տող՝ բաժանված 15 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1879 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 60