Անցնել բովանդակությանը

Իմ երգը

1855

Հեռացել եմ իմ մայրենի աշխարհից, Սերտ բարեկամք անջատած են ինձանից. Թառամում եմ ես այս օտար երկրումը, Մենակ բըսած ծաղկի նման դաշտումը։ Կամաց-կամաց տարիները անցնում են, Մեզ նորոգած գարուն, ամառ դարձնում են. Միայն իմ խեղճ կյանքը չունի ոչինչ նոր, Ինձ երեկը կըրկնըվում է միշտ այսօր. Ասպարեզիս նեղ է ճամփան ու փըշոտ, Խեղճությունըս համարում են ինձ ամոթ. Իմ վիճակին կարեկցություն մարդ չունի, «Դա, ասում են, իր կյանքումը դարդ չունի»։ Ես դարդ ունիմ, դարդըս մեծ է ու պես-պես, Բայց չեն տեսնում ձեր աչքերը կարճատես։ Երբ ես մըտա անհյուրընկալ այս աշխարհ, Քանի րոպե բախտը ժըպտաց ինձ պայծառ. «Հա՛, ասացի, դարձել է իմ անիվը, Լըրացել է իմ վատ բաղդի չար թիվը»։ Հանկարծ՝ փըչեց անտուժելի հյուսիսին, Թառամեցուց վարդ, մանուշակ մայիսին. Այսպես չորցուց իմ նազելի հասակը, Իմ անողորմ, անագորույն վիճակը։ Ա՜խ, մոտեցի՛ր, օրհասական օր մահվան, Բե՛ր քու հետը սև հող ու նեղ գերեզման. Թո՛ղ սառ լինի իմ նոր տանը հատակը, Ծանըր քարե վըրաս ծածկած վերմակը։ Բայց, ա՜խ, երբ որ կանցնի ամիս ու տարի, Կըմամռոտի գերեզմանը այն քարի, Հետքը անգամ չի մընալու իմ խաչին, Իմ անունը, իմ հիշատակ — կըկորչին. Բայց կ՚ուզեի թողնել այստեղ մի արձան, Որ դարե դար մընար ամուր, անկործան… Ես երգեցի երգ ոլորուն ու անուշ, Իմ քընարի ձայնն էր մեղմիկ ու քընքուշ. Մի՞թե այնքան անգութ կլինի Լետա գետ, Որ անունըս անգամ կանե նա անհետ։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Իմ երգը» բանաստեղծությունը (1855) պանդխտության և մահվան մասին։

Օտար երկրում թառամող բանաստեղծի խոսք՝ երեկը կրկնվում է ամեն օր, ճամփան նեղ է ու փշոտ, և մարդիկ ասում են, թե դարդ չունի։ Մահն է կանչում, բայց մի արձան կուզեր թողնել, և հարցնում է Լեթե գետին, թե իսկապե՞ս անունն էլ է ջնջելու։

Ստեղծագործությունը պարունակում է 36 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1855 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 36