Անցնել բովանդակությանը

Հուսահատություն

1887

Ո՛րքան սիրեցի ես իմ հայրենին, Այնքան էլ ջոկ-ջոկ ատեցի հային. Չի տվեց ազգիս չար աստվածությունն Ո՛չ մի ազգաշեն առաքինություն։ Աշխարհքըս անցի՛ր, խուզե՛, որոնե՛, Այսքան մոլությունք, որ մեր Հայն ունե, Ու հետո գընա ու մի զարմանալ — Մա՞րթ էր այս բարքով այսքան դար կենալ… Ազգատեցությո՜ւն, տիրանենգությո՜ւն, Կեղծավորությո՜ւն, խոր տըգիտությո՜ւն, Շըռայլ կյա՜նք, ազնիվ զոհե միշտ փախո՜ւստ, Հայ եղբոր նյութող օր-գիշեր կորո՜ւստ, Յուր հարազատին արյունը ծըծո՜ղ, Օտարի առջև շան նըման քըծնո՜ղ, Ազգը կեսվակես տերտերով լըցվա՜ծ, Իսկ ամեն մի Հայ կրոնե զըրկվա՜ծ, Լուսավորության իբր թե ձըգտող,— Հայ գիտնականին հավերժ հալածո՜ղ, Յուր անձնեն ի զատ մարդ չի ճանաչե՜լ, Հանցավոր լինել ու չի ամաչե՜լ, Չար ու բարիին լինել քաջ ծանոթ Ու լինել ոճրի միշտ ընտիր անօթ։ Եվ այդ ազգովի՞ն… Ա՜խ, Աստվա՜ծ, Աստվա՜ծ, Մի՞թե Հայն դորա համար էր ստեղծած։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Հուսահատություն» բանաստեղծությունը (1887) հայրենիքի և տխրության մասին։

Հայրենիքին սիրելու չափ հային ատելու խոստովանություն. ազգատեցություն, տիրանենգություն, կեղծավորություն, տգիտություն, եղբոր արյունը ծծել, օտարի առջև քծնել, և վերջում աղաղակ Աստծուն՝ մի՞թե հայն այս բանի համար էր ստեղծված։ Պատկանյանի ամենամութ բանաստեղծություններից։

Ստեղծագործությունը պարունակում է 24 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1887 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 24