Անցնել բովանդակությանը

Առյուծի սթափումը

1887

Այս ստեղծագործությունը հասանելի է երկու ուղղագրությամբ՝ բարեփոխված և դասական
Այդ ծանըր լուծը մինչև ե՞րբ կըրեք — Դարավոր լուծը անգութ չար տաճկաց, Ըստըրկի կյանքին մինչ ե՞րբ համբերեք Ու ծանակ լինիք դուք օտար ազգաց։ Մինչև ե՞րբ ձեր սուրբ սեղան ու խորան Գերեզմանք, մատրունք, սուրբ եկեղեցիք — Պիտ լինին քուրդի պիղծ ոտից կոխան, Մինչ ե՞րբ ձեր վրա պիտ թըքնեն մարդիկ։ Մինչև ե՞րբ անմեղ, մաքուր հայ կույսեր, Մինչև ե՞րբ պարկեշտ, ամոթխած կնանիք Պիտ լըցնեն թուրքաց զազիր հարեմներ.— Այս նըվաստ կյանքը մինչ ե՞րբ պիտ տանիք։ Մինչ ե՞րբ վաստակիք արյուն-քըրտինքով Ու անտանելի բեռի տակ թեքվիք, Մինչև ե՞րբ լըլկե սոսկալի ձեզ սով, Մինչ ե՞րբ կողոպտվիք, մինչ ե՞րբ կեղեքվիք։ Մինչև ե՞րբ պիտի պարզամիտ լինիք Ու անասունեն օր անցնուք դուք վատ, Մինչ ե՞րբ խոստմունքով դուք պիտի խաբվիք,— Չի մընաց ձեր մեջ ոչ հույս, ոչ հավատ։ Չի հասա՞վ ժամը, ժամը սոսկալի Սոսկալի վըրիժու, արդար հատուցման, Վերջին ժամ՝ ամեն հայի ցանկալի, Կենաց ժամ և կամ ժամ ազնիվ մահվան։ Դե՜հ, ելե՛ք, հայեր, ոտքի կանգնեցե՛ք, Ահա թըշնամին կա ձեր հանդիման, Ջըլոտ ձեր բազկաց ուժը փորձեցեք, Ինչպես սովրեցուց ձեզ Քաջըն-Վարդան։ Գիտեմ՝ զենք չունիք. բայց մի՛ սարսափիք, Առե՛ք ինչ հանդեպ կա՝ կացին, խոփ, բահ, Սուտ-պարծուկ և ոչ արի է տաճիկ, Հուժկու ձեռքերով արե՛ք խեղդամահ։ Գիտեմ՝ անտեր եք, չունիք կարեկից, Բայց մի՛ վըհատիք ու մի՛ սոսկացեք, Սերն ազատության է ձեր զինակից, Հուսով փըրկության քաջալերվեցե՛ք։ Ուր և կոխեք ոտք, մահ սերմանեցե՛ք, Ցըմահ կըռվեցեք, հարե՛ք անխընա. Գոռ դաշտեն — մի՞թե երբեք լսած չեք, Որ ստրուկն ազատ մարդ կըվերադառնա։ Ու գոռաց երկինք, գոռացին սարեր, Հա՛, ծածանեցավ հայկական դրոշակ, Արյամբ լըցվեցան հայրենյաց ձորեր — Շուտ ազատության է բարի գուշակ։ Ահա՛ ոսոխներն իրար դիպեցան — Վարձկան դահիճներն ու ազատ որեար… Հա՜յ, քեզ լըլկողին արա ցիրուցան Հա՜յ, արագ շարժե մանգաղ ու տապար։ Հա՛յ-մարդ՝ պըստիկ ճիգ, էլի պըստիկ գրոհ, Ջարդ-բուրդ արա՛, մի՛ կորցնիլ հույս, հավատ, Էլի՛ փոքր ինչ մահ, էլի՛ փոքր ինչ զոհ, Եվ… սուրբ Հայաստան կըկանգնի ազատ։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Առյուծի սթափումը» բանաստեղծությունը (1887) ազատության և հայրենասիրականի մասին։

Կրկնվող «մինչև ե՞րբ» հարցերով սկսվող կոչ՝ լուծ, պղծված սեղան, հարեմ, սով, ապա շրջում՝ ելե՛ք, առեք ինչ կա՝ կացին, խոփ, բահ։ Երկրորդ կեսում կոչը կատարվում է՝ դրոշակը ծածանվում է, ձորերը արյամբ լցվում, և վերջին տողը խոստանում է ազատ Հայաստան փոքր ինչ մահի գնով։

Ստեղծագործությունը պարունակում է 52 տող՝ բաժանված 13 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1887 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 52