Հայ և հայություն
1855
Ո՞վ է հայը. մի՞թե նա է, որ խոսում է հայ լեզվով,
Եվ կամ՝ որի մականունը հանգում է յան մասնիկով,
Որ ուտում է ամենայն օր ճաշին տոլմա ու փըլավ,
Կամ՝ պարծանոք միշտ հագնում է հայի գըդակ ու հալավ։
Ո՞վ է հայը. մի՞թե նա է, որ գընում է Հայի ժամ,
Ու տարենը հաղորդվում է խիստ սակավից՝ չորս անգամ,
Որ կյանքումը պաս չի կերել, ծոմ էլ պահում է նույնպես,
Հորանջելիս խաչ է կընքում՝ բաց բերանն ու երես։
Ո՞վ է հայը. մի՞թե նա է, որ տեսնելիս տերտերին
«Օրհնյա ի տեր» պատրաստ ունի ամեն րոպե իր բերնին,
Որի համար մեծ ամոթ է, նաև մեղք է մահացու,
Թե Զատիկի թաթախմանը չուտե թերխաշ կարմիր ձու։
Չէ՛, սիրելի՛ս, ազգությունը չէ արտաքին արարմունք,
Հայ ծընելըդ անգամ չի տալ քեզ հայության իրավունք,
Ով է կամ յան մականունիդ վերջի վանկի մասնիկը,
Կարմիր ձվով կամ թե անձու կատարում ես զատիկը։
Քալլա-փաչա կամ թե բորշ է ամեն օրվա կերածըդ,
Սեռտուկ, պայլտո կամ թե չուխա է վըրայի հագածըդ —
Ողջը մին է. ծեսով չես տալ ազգիդ վընաս կամ օգուտ,
Տեղը մընա ազգությունը, այդ նաև վարձ չէ՛ հոգուդ։
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.
Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,
Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։
Արվեստ, ուսում, շըքեղարվեստ տարածե՛ հայ ազգի մեջ,
Բայց բըռնությամբ միշտ հեռացուր նորա մեջեն կրոնի վեճ.
Քեզ ի՞նչ շահ է, թե դու կասես՝ հոգին բըխել է Հորից,
Կամ թե Որդին հոգվով սրբով անսերմ ծընունդ է Մորից…
Թո՛ղ, սիրելի՛, այդ խընդիրքը, աչքըդ դարձո՛ւր դեպ հարավ,
Բյուր-բյուր հոգիք դու կըտեսնես կորած դորա պատճառավ,
Բայց մինչ այսօր այդ խընդիրքը մընացել է անվըճիռ,
Թույլ խելքո՞վըդ աշխատում ես քակել անքակ այդ կընճիռ։
Սիրե՛ ազգըդ ո՛չ լոկ խոսքով, սիրե՛ ինչպես քու անձը,
Նորա օգտին, թե պետք լինի, զոհե՛ բոլոր քու գանձը.
Մի՛ խընայիլ կյանքըդ անգամ, արյունըդ բե՛ր նորան զոհ,
Ո՛չ այն հուսով, որ քու ազգը իսկույն լինի քեզնից գոհ։
Իստակ սերը չի՛ պահանջում ամենևին տըրիտուր,
Թե տվածը հետ առնվի՝ դորան կասեն առուտուր.
Բայց վա՜յ նոցա, որք անըզգա են յուր ազգի վիճակին,
Հազա՜ր անեծք նոցա վերա, երնեկ շան պես սատակին։
Թե դու հայ ես՝ գիտե՞ս արդյոք՝ ո՛վ էր ազգիդ նախահայր,
Ո՞րտեղ, ո՞ր կողմ նա ընտրել էր ազգի համար Հայ աշխարհ։
Քանի՞ տարի անկախ մընաց Հայը օտար ազգերից,
Ի՞նչ էր պատճառ, որ նա ընկավ իր առաջվա փառքերից։
Ո՞ւր ցըրվեցավ քու խեղճ հայը, ունի՞ այժմ օգնական,
Կա՞ մի հընար, միջոց կամ հույս նորա կրկին նորոգման.
Թե կա հընար՝ դու պատրա՞ստ ես անձըդ ազգիդ զոհ անել,
Խիստ կըտըտանք, սաստիկ տանջանք, սով ու ծարավ միշտ տանել։
Դու պատրա՞ստ ես թողնել կայքըդ, ծընողք, եղբարք սիրական,
Սիրելվույդ տեղ կըրծքիդ սեղմել միշտ մահառիթ հըրացան.
Դու պատրա՞ստ ես անվախ երթալ թշնամիի սուրի դեմ,
Սարսափելի մահըդ տեսնել դու կարո՞ղ ես ծաղրադեմ։
Այդ ժամանակ քեզ հայ կասեմ, ես քեզ սիրով կըգրկեմ,
Թե ջուր ընկնիս՝ ջրի՛ց, թե՝ հուր, ես քեզ հուրից կըփրկեմ,
Բայց թե փորըդ տոլմաներից կամ փըլավից տըռաքի,
Հավատացի՛ր, ուտելովդ օգուտ չես բերիլ ազգի։
Ո՞վ է հայը. մի՞թէ նա է, որ խօսում է հայ լեզուով,
Եւ կամ՝ որի մականունը յանգում է եան մասնիկով,
Որ ուտում է ամենայն օր ճաշին տոլմայ ու փըլաւ,
Կամ՝ պարծանոք միշտ հագնում է հայի գըդակ ու հալաւ։
Ո՞վ է հայը, մի՞թէ նա է, որ գընում է հայի ժամ,
Ու տարէնը հաղորդւում է խիստ սակաւից՝ չորս անգամ,
Որ կեանքումը պաս չի կերել, ծոմ էլ պահում է նոյնպէս,
Յօրանջելիս խաչ է կնքում՝ բաց բերանն ու երես։
Ո՞վ է հայը. մի՞թէ նա է, որ տեսնելիս տէրտէրին
«Օրհնեայ ի տէր» պատրաստ ունի ամէն րոպէ իր բերնին.
Որի համար մեծ ամօթ է, նաեւ մեղք է մահացու,
Թէ զատիկի թաթախմանը չուտէ թերխաշ կարմիր ձու։
Չէ՛, սիրելի՛ս, ազգութիւնը չէ արտաքին արարմունք,
Հայ ծընելըդ անգամ չի տալ քեզ հայութեան իրաւունք,
Ով է կամ թէ եան մականունիդ վերջի վանկի մասնիկը,
Կարմիր ձուով կամ թէ անձու կատարում ես զատիկը։
Քալլայ-փաչայ կամ թէ բորշ է ամէն օրուայ կերածըդ,
Սեռտուկ, պայլտոյ կամ թէ չուխայ է վրայի հագածըդ —
Ողջը մին է. ծէսով չես տալ ազգիդ վընաս կամ օգուտ,
Տեղը մընայ ազգութիւնը, այդ նաեւ վարձ չէ՛ հոգուդ։
Թէ դու հայ ես՝ հայութիւնդ պիտի յարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի յուսոյ աստըղ քեզ համար.
Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրօրէն,
Բայց քու հայի օգուտները միշտ վե՛ր դասէ ամենէն։
Արուեստ, ուսում, շըքեղարուեստ տարածէ՛ հայ ազգի մէջ,
Բայց բընութեամբ միշտ հեռացուր նորա մէջէն կրօնի վէճ.
Քեզ ի՞նչ շահ է, թէ դու կ՚ասես՝ հոգին բըխել է Հօրից,
Կամ թէ Որդին հոգուով սրբով անսերմ ծնունդ է Մորից…
Թո՛ղ, սիրելի՛, այդ խընդիրքը, աչքըդ դարձու՛ր դէպ հարաւ,
Բիւր-բիւր հոգիք դու կը տեսնես կորած դորայ պատճառով,
Բայց մինչ այսօր այդ խնդիրքը մնացել է անվըճիռ,
Թոյլ խելքո՞վըդ աշխատում ես քակելանքակ այդ կընճիռ։
Սիրէ՛ ազգըդ ո՛չ լոկ խօսքով, սիրէ՛ ինչպէս քու անձը,
Նորա օգտին, թէ պէտք լինի, զոհէ՛ բոլոր քու գանձը.
Մի՛ խնայիլ կեանքդ անգամ, արիւնդ բե՛ր նորան զոհ,
Ո՛չ այն յուսով, որ քու ազգը իսկոյն լինի քեզնից գոհ։
Իստակ սէրը չի՛ պահանջում ամենեւին տըրիտուր,
Թէ տուածը հետ առնուի՝ դորան կ՚ասեն առուտուր.
Բայց վա՜յ նոցա, որք անըզգայ են իւր ազգի վիճակին,
Հազա՜ր անէծք նոցա վերայ, երնէկ շան պէս սատակին։
Թէ դու հայ ես՝ գիտե՞ս արդեօք՝ ո՛վ էր ազգիդ նախահայր,
Որտե՞ղ, ո՞ր կողմ նա ընտրել էր ազգիս համար Հայ աշխարհ։
Քանի՞ տարի անկախ մընաց հայը օտար ազգերից,
Ի՞նչ էր պատճառ, որ նա ընկաւ իր առաջուայ փառքերից։
Ո՞ւր ցըրուեցաւ քու խեղճ հայը, ունի՞ այժըմ օգնական,
Կա՞յ մի հընար, միջոց կամ յոյս նորա կրկին նորոգման.
Թէ կայ հնար՝ դու պատրա՞ստ ես անձըդ ազգիդ զոհ անել,
Խիստ կըտըտանք, սաստիկ տանջանք, սով ու ծարաւ միշտ տանել։
Դու պատրա՞ստ ես թողնել կայքըդ, ծնողք, եղբարք սիրական,
Սիրելուոյդ տեղ կըրծքիդ սեղմել միշտ մահառիթ հըրացան,
Դու պատրա՞ստ ես անվախ երթալ թշնամիի սուրի դէմ,
Սարսափելի մահըդ տեսնել դու կարո՞ղ ես ծաղրադէմ։
Այդ ժամանակ քեզ հայ կ՚ասեմ, ես քեզ սիրով կը գրկեմ,
Թէ ջուր ընկնիս՝ ջրի՛ց, թէ՝ հուր, ես քեզ հուրից կը փրկեմ։
Բայց թէ փորըդ տոլմաներից կամ փըլաւից տրաքի,
Հաւատացի՛ր, ուտելովդ օգուտ չես բերիլ ազգի։