Անցնել բովանդակությանը

Երգ

1876

Նվեր Փիլիպպոս Վարդանյանին

Երբ տըրտում ես, բարեկամ, Ձախորդության օրերըդ, Թո՛ղ ամեն ինչ, երգարան Ազգային դու ա՛ռ ձեռըդ։ Երգե՛, երգե՛ դարդն ազգիս, Երգե ամուր, անդադրում, Հոգվով մըտքով կըսփոփվիս, Հավատա՛ ինձ, մեկ պահում։ Երբ խընդում ես, բարեկամ, Հաջողության ժամերուն, Երգե՛ երգ դու ցընծության Մեր պաշտելի պապերուն։ Քու խընդության խընդակից, Ազնիվ գործիդ քաջալեր՝ Կլինին հողի խոր տակից՝ Մեր պանծալի նախորդներ։ Երգե՛ հարսին քո գըրկում, Երգե՛ խընջույքի միջին, Ե՛վ սուրբ ահեղ ճակատում, Ե՛վ բանտումը խավարտչին։ Երգով հիշե՛ մեր նախնյաց, Երգով թո՛ղ քնե քո որդին, Երգն է մարդուն անգին գանձ,— Լոկ չար մարդիկ երգ չունին։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Երգ» բանաստեղծությունը (1876) երգի և հայրենիքի մասին։

Փիլիպպոս Վարդանյանին ուղղված խրատ-երգ. տրտմության օրերին ազգային երգարանն առ ձեռքդ, ուրախության օրերին երգիր պապերի ցնծությունը, երգիր հարսին, խնջույքին, ճակատում և բանտում։ Երգը մարդուն անգին գանձ է, և միայն չար մարդիկ երգ չունեն։

Ստեղծագործությունը պարունակում է 24 տող՝ բաժանված 6 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1876 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 24