Ո՛չ խնդիր, ո՛չ հրաման
1876
Ի՞նչ է, հայերիս նորե՞ն մոռացար,
Ոսոխքըդ ուրեմն ճըշմարիտ կասեն,
Որ «Թուրքը կույր է, խուլ է ու համառ,
Շնորհ ու գութ Հայերն իզուր կըսպասեն»։
Տաճի՛կ՝ պատրանքը քեզ թույլ ասպար է,
Պատրելով կերթաս, բայց ետ չես դառնալ.
Մի՛ սփոփիլ քեզի, որ Հայն տըկար է,
Քու լըծեն հեշտ է մեկ հրացան բառնալ։
Չեռնյաև մեկ ռուս ցնցեց քու գահը,
Իգնատև՝ կարգըդ տակն ու վրա արավ,
Հայերուս ձեռքն է քու կյանքն ու մահը —
(Փողիդ հետ մի՞թե խելքըդ ա՞լ կորավ)։
Եռսուն հազար զենք ունի Զեյթունցին,
Որ կարժե քուկիդ հարուր հազարին,
Արցախեն կուգա մեր քաջ այրուձին՝
Հիշեցնել օրերն կարմիր Վարդանին…
Հայքըս դանդաղ ենք, բայց դեռ մեռած չենք,
Համբերատար ենք, և ո՛չ թե հիմար.
Թե այսքան ձըրի քեզ ծառայել ենք,
Կըսպասենք քեզմեն վըճիռըդ արդար։
Կարծեմ ողջը մեկ է քեզի համար,
Որ հայք ձախե աջ կըխաչակընքեն,
Ուրեմըն ինչո՞ւ Սլավին հավասար
Հայք պիտի չառնուն շընորհք քու ձեռքեն։
Մեզ ի՞նչ է պակաս մեկ ազգ կազմելու,
(Ոխ, քեն ու նախանձ չէ՛ փաստ անաչառ)
Բարեկիրթ ազգաց կարգը կանգնելու…
Թուրք, մի՞թե այդկից քեզ վընաս տեսար։
Թո՛ւրք, լավ պահպանե դու հայոց ազգին,
Նա քարե պատ է քեզ, ոչ թըշնամի.
Վաղ կամ ուշ Հայքը ոտքի պիտ կանգնին.
Բայց վա՜յ քեզ, թե այդ առանց քեզ լինի։