Անցնել բովանդակությանը

Ազգասեր

1879

Երբ պանդոկումն եմ, ու իմ հանդիման Կան կերակուրներ թանկ ու պատվական. Մի՞թե չեմ հիշում վիճակն իմ ազգին, Չեմ ասում. «Հայե՛ր, օգնեցե՛ք հային»։ Թատրոնում նըստած՝ առաջին կարգում, Ու մըտքիս պես-պես խրհուրդ են ծագում. Դըպրոց… թեատրոն… հայոց զորք… ուսում… Չե՞մ ասում. «Հայե՛ր, գաղթեցե՛ք Արզրում»։ Կալվածատեր եմ. տընտեսը իմ տան Հավաքեց բերեց ինձ փող բավական. Ես չե՞մ հասկանում ազգիս հանգամանք, Չե՞մ ասում. «Վանին խիստ պետք է մի բանք»։ Մահիճս կակուղ, վըրես տաք վերմակ, (Ես շատ բարի եմ քընի ժամանակ, Մանավա՛նդ երբ որ փորս էլ է տըկռած) Չե՞մ ասում. «Հային տվե՛ք խորշ ու հաց»։ Օրն է միգապատ, տափը թաց ու ցեխ, Բեռնակիր մշակը ոտքին չունի տրեխ. Տաք տեղից ասած չե՞մ հազար անգամ. «Հե՞ր երկաթուղի չունի Հայաստան»։ Կընկաս չորս կանգուն կերպասե ագին Որքա՜ն լավ խորհուրդ բերեց իմ մըտքին. Չասացի՞ հային. «Ձեզ համար ժըլատ, Իսկ եղբարց համար պիտ լինել առատ»։ Դուստըրըս ինսթիթութ, որդիս՝ քոռփուսում, — Ականջիդ կասեմ՝ այդ է զուտ ուսում — Բայց երբ գընում եմ ես Թուրքի-Մայդան, Հայ դըպրոցներին ես չե՞մ միշտ պաշտպան։ Այսպես՝ տարիներ և ամբողջ իմ կյանք Արել եմ միայն ես լոկ շաղփաղփանք. Իսկ դուք միամիտ, շուտ-խաբվող հայեր, Անունըս դըրիք… խելոք ազգասեր։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Ազգասեր» բանաստեղծությունը (1879) երգիծանքի և հայրենիքի մասին։

Առաջին դեմքով երգիծական ինքնանկար. պանդոկում, թատրոնում, կակուղ մահիճում ազգասերը ամեն տեղ «Հայե՛ր, օգնեցե՛ք հային» է ասում, բայց միայն ասում է։ Վերջին տունը եզրափակում է՝ ամբողջ կյանքը շաղփաղփանք էր, իսկ միամիտ հայերն անունը դրին խելոք ազգասեր։

Ստեղծագործությունը պարունակում է 32 տող՝ բաժանված 8 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1879 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 32