Ամիրա
1880
Մի՞թե չեմ կարող, մարգարե չեղած,
Քու գալիք օրերն պատմել քու դիմաց.
Քանի որ բաներն այս ճամփով կերթան,
Մարդ չի գըտնվիլ ճարպիկ քեզ նըման,
Որ ջուրը կրակին հետ միավորեր,
Ու հըմուտ ձեռքով աշխարհքս վարեր…
Քանի որ բաներն այս ճամփով կերթան,
Դու միակ տեր ես աշխարհիս վըրան,
Մարդիկ շըվարած, այլայլած բնավին,
Քեզանից հեռի՝ փըրկություն չունին։
— Մի՞թե չեմ կարող, մարգարե չեղած,
Քու գալիք օրերն պատմել քու դիմաց։
Չի՛ դադրիլ մարդոց քու գովասանքը,
Օրեօր կաճի քու փառք-պարծանքը,
Աստղեր ու խաչեր ու շըքանըշան
Չեն տեղավորիլ քու կըրծքի վըրան…
Կը փարթամանաս տափով ու հողով,
Մեծ-մեծ տըներով, գանձով ու փողով,
Որդիքըդ մի-մի մեծատուն,
Կուտաս դու նոցա պանծալի անուն։
— Մի՞թե չեմ կարող, մարգարե չեղած,
Քու գալիք օրերն պատմել քու դիմաց։
Մարդահաճները, սողունի նըման,
Փորաքարշ կուգան քեզի հանդիման,
Օտարի կեղծի, սըտախոս լեզուն
Մըտքեդ կը հանե խեղճ հայի անուն.
Փառաց ու պատվի այսքան ծուխ-բուրկեն
Քու պայծառ, միտքը, ավա՜ղ, կըփակեն։
Կըմոլորեցնե քեզ անցուկ փառքը,
Կըմոռացնե քու սըրբազան պարտքը։
— Մի՞թե չեմ կարող, մարգարե չեղած,
Քու գալիք օրերն պատմել քու դիմաց։
Կանցնի ժամանակ՝ օր, ամիս, տարի,
Ճըրագի նըման կյանքըդ կը մարի,
Քու անշունչ մարմնուն կուտան շուք վերջին,
Սուտ լացով հողին կավանդեն գիճին…
Գուցե բարեկամք մի քանի անգամ
Իրանց մեջ հիշեն քեզի կես-բերան.
Բայց, ավա՜ղ հինգ-տաս տարի դեռ չանցած,
Հազիվ կը հիշվի անունըդ գոված։
— Մի՞թե չեմ կարող, մարգարե չեղած,
Քու գալիք օրերն պատմել քու դիմաց։
Բայց բախտը ավել էր մեզ խոստացել,
Պանծալի անունդ քու անմահացնել,
Երջանիկ վիճակ՝ սպասած դարերով,
Տալ խեղճ հայ ազգին քու հուժկու ձեռով…
Եվ որքա՜ն-որքա՜ն հայերըս և դո՛ւ
Պիտի կարմըրինք միշտ «առ ամոթու»,
Որ վեց դար՝ մեջ հայ կընոջ արգանդի
Դեռ չի հըղացել հայ Գարիբալդի։
Մի՞թե չեմ կարող, մարգարե չեղած,
Քու գալիք օրերն պատմել քու դիմաց։
Բայց ի՛նչ պիտ անես երբ առջևդ գան
Սուրբ Ղևոնդ երեց, Վահան ու Վարդան,
Եվ ո՞ւր կըմընա անունդ ըզգոն,
Երբ դեմ հանդիման գա քեզ Վաշինգթոն,
Եվ ի՞նչ պատասխան արդյոք պիտի տաս.
Երբ որ քեզ հարցնե շըվեդ «…»
«Հեր դու մեր հետքով առաջ չի գացիր,
Ու անմահ անուն չի ժառանգեցիր»։