Զ՚նե պաշտեմ
Ճառագայթի ու վարդի
Փթթումներով վեհապանծ՝
Ես չը սիրեմ սա դեմքը
Սիրո ժպտով մը օծած։
Ես չը սիրեմ, երբ կույսի մ՚
Աչերը զ՚իս բուրվառեն՝
Զերթ հուր ամպոց զույգ մը հյուս
Հոնիցը տակ մեղմորեն։
Գիսաստղի պես հերարձակ՝
Ես չը սիրեմ սա վըճիտ
Կույսն, ույր դեմքեն կը փթթին
Լուսնի դալուկն ու ժըպիտ։
Ես չը սիրեմ՝ հանդիպիմ
Երբ կույսի մը հեզանազ,
Որ եդեմ մը կը բուրե,
Կ՚վառե երկինք մը երազ։
Ես չը սիրեմ սա կապույտ
Զույգ մ՚երկիններն գինովցած,
Ույր մեկուն մեջ պաշտի նա,
Եվ մյուսին մեջ ալ Աստված։
Ես չը սիրեմ սա օտար
Ժըպիտները հուսաշող,
Որք ծաղիկներ են սուտ սոսկ
Սրտի անդունդը ծածկող։
Ես կը պաշտեմ զ՚իմ Պ…
Ինձ կը բավե իր սրտին
Մեկ ճառագայթը միայն,
Եվ մեկ վարդն իր ժըպիտին։
Թեև սև աչքն հեղեղեն
Անթիվ աստեղց միշտ բույլեր՝
Իր սև հոնից շուքին տակ՝
Զ՚որս ութ օրն է Նա գըծեր։
Լուսինը ո՛չ ներա վարդն,
Եվ ոչ ալ վարդը ունի
Ճառագայթումը ներա,
Ճառագայթո՜ւմ սիրողի։
Ես դողդողամ իր վըրա,
Նե իմ վըրա գորովի,
Իսկ թե մոռնա՜ զ՚իս օր մը…
Ա՜հ, այն օրը քա՜ր կտրի…։
Ճառագայթի ու վարդի
Փթթումներով վեհապանծ՝
Ես չը սիրեմ սա դէմքը
Սիրոյ ժպտով մը օծած։
Ես չը սիրեմ, երբ կոյսի մ՚
Աչերը զ՚իս բուրվառեն՝
Զերթ հուր ամպոց զոյգ մը հիւս
Յօնիցը տակ մեղմօրէն։
Գիսաստղի պէս հերարձակ՝
Ես չը սիրեմ սա վըճիտ
Կոյսն, ոյր դէմքէն կը փթթին
Լուսնի դալուկն ու ժըպիտ։
Ես չը սիրեմ՝ հանդիպիմ
Երբ կոյսի մը հեզանազ,
Որ եդեմ մը կը բուրէ,
Կ՚վառէ երկինք մը երազ։
Ես չը սիրեմ սա կապոյտ
Զոյգ մ՚երկիններն գինովցած,
Ոյր մէկուն մէջ պաշտի նա,
Եւ միւսին մէջ ալ Աստուած։
Ես չը սիրեմ սա օտար
Ժըպիտները յուսաշող,
Որք ծաղիկներ են սուտ սոսկ
Սրտի անդունդը ծածկող։
Ես կը պաշտեմ զ՚իմ Պ…
Ինձ կը բաւէ իր սրտին
Մէկ ճառագայթը միայն,
Եւ մէկ վարդն իր ժըպիտին։
Թէեւ սեւ աչքն հեղեղեն
Անթիւ աստեղց միշտ բոյլեր՝
Իր սեւ յօնից շուքին տակ՝
Զ՚որս ութ օրն է Նա գըծեր։
Լուսինը ո՛չ ներա վարդն,
Եւ ոչ ալ վարդը ունի
Ճառագայթումը ներա,
Ճառագայթո՜ւմ սիրողի։
Ես դողդողամ իր վըրայ,
Նէ իմ վըրայ գորովի,
Իսկ թէ մոռնա՜յ զ՚իս օր մը…
Ա՜հ, այն օրը քա՜ր կտրի…։