Անցնել բովանդակությանը

Ներա հետ

Այս ստեղծագործությունը հասանելի է երկու ուղղագրությամբ՝ բարեփոխված և դասական
Համբույր մ՚առի ներանե, Համբո՜ւյր մ՚անհուն գորովի, Երբ կարմիր շողք մարեին Հորիզոնին վերևի։ Ձեռքըս տարավ կուրծին՝ հոն Սիրո երկին մ՚որոտար. Թոշնեցա գիրկն ես իբրև Համբույր մ՚անհուն, դալկահար։ Նե զ՚իս իր քով նըստեցուց Գորգի վըրա դալարյա. Հուսկ ճաճանչ մը կ՚պլպլար Ներա դիմացը վըրա։ Թոթովեցի… դողացի… Առի համբույր անհամար. «Խոսի՜նք» ըսավ — ո՜հ, խոսի՜լ, Հատնիլ է լոկ ինձ համար։ Աչերու բոցն երբ մարի, Դադրի տըրոփն երբ սրտին, Լոկ այն ատեն հարկ է որ Անզոր շուրթերը խոսին։ Հուր հորիզոնն մարեցավ, Երկինքն աստղեր փթթեցան, Համբույր մ՚առի դարձյալ ես Հ՚անուն աստեղց ցիրուցան։ Նե թողուց որ վարսքն ազատ Սյուքը դեպ յ՚իս բերելով Միշտ հովահրե բըռընկած Ճակատըս զով բույրերով։ Ո՜հ, այն ժամը ոսկեզօծ Անշուշտ սահած, թըռած է Ճակատագրին անողորմ Սև ձեռքերեն երկաթե։ Մեր համբույրներն պահեցին Տերևները խարշափմամբ, Եվ շողերու տըվին շուք Աստղերն երկնից այս անամպ։ Ձեռք վերցուցինք աստղերուն, Սեր ուխտեցինք իրարու, Դողդըղացին աստղերն ալ Մեր երդումեն ահարկու։ Լըսեց երկինք մեր ջերմ ուխտ, Աստղեր սրսկեց ի գորով, Բնությունն եղավ պըսակիչ, Մեզ պըսակեց աստղերով…։

Ստեղծագործության մասին

Պետրոս Դուրյանի «Ներա հետ» բանաստեղծությունը սիրո և գիշերվա մասին։

Դուրյանի սակավաթիվ երջանիկ սիրերգերից՝ մեկ իրիկվա պատմություն։ Համբույր, նրա ձեռքը կրծքին, դալար գորգի վրա նստած զույգը, և հորիզոնի վերջին ճաճանչը նրա դեմքին։ Երբ նա ասում է՝ «Խոսի՜նք», բանաստեղծի պատասխանը բանաստեղծության սիրտն է. խոսելը հատնիլ է, շուրթերը պետք է խոսեն միայն այն ժամանակ, երբ աչքերի բոցն է մարել։ Ավարտվում է աստղերի տակ տրված սիրո ուխտով՝ «Բնությունն եղավ պըսակիչ»։

Ստեղծագործությունը պարունակում է 44 տող՝ բաժանված 11 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 44