Անցնել բովանդակությանը

«Փողոցներն են խաչվում իրար և սրտիս հետ»

«Անտիպներ» ժողովածու

Փողոցներն են խաչվում իրար և սրտիս հետ, Փողոցները ծանոթ, և մտերիմ, և պարզ, Որոնց տապը, փոշին և գաղտնիքն եմ կիսել Եվ գաղտնիքս եմ տվել նրանց ի պահ։ Փողոցները այս նոր, ծառերը մայթամերձ Եվ մայթերը իրենք՝ նրանց շուքի ներքո, Որտեղ անծանոթին առաջարկել ենք մեզ, Անձնատուր ենք եղել գեթ հայացքով։ Փողոցները և նոր, և հնօրյա-անցած, Փողոցները՝ լցված հրաշքներով, փայլով, Ուր իրիկվա մթնում սպասեցի երեկ, Բայց դու չերևացիր քո կիսափակ քայլով։ Իրիկնային մայթում, իրիկնային մթնում Սպասում եմ նորից քեզ մայթերի վրա, Որոնում եմ ես քեզ, բայց զուր, քեզ չեմ գտնում Ուրիշ-օտար կանանց դեմքի վրա, Որոնք թեկուզ նույնպես հմայում են անձայն Իրենց անհայտությամբ, օտարությամբ իրենց, Սակայն նայել նրանց՝ ինձ թվում է հանցանք. Եվ սպասում եմ քեզ, ինչպես եռանդ, երեկ…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Անտիպներ
Տողերի թիվ 20