Կյանքին
(III)
«Մուտք» ժողովածու · «Սոնետներ» · 1948
Սիրել եմ քեզ որքա՜ն, որքա՜ն խոր սիրով,
Հրկեզ սիրով՝ տենչանքներս երիզող…
Մոտիկ այսքան — թվացել ես հորիզոն,
Ջահել այսքան — կնճիռներով, խորշերով…
Գրկել կուզեմ, պրկել կուզեմ իմ գրկում,
Քամել կուզեմ հյութը մեղրափեթակիդ,
Կուզեմ թողնես մի աստղահուռ հետագիծ
Իմ փոթորկոտ հոգում, խորունկ իմ սրտում։
Կուզեմ ծնվի գրկիս մեջ քո մանուկը -
Ազատությունը — բարիքը արգանդիդ,
Եվ մեռնի քեզ բռնաբարող արքան բիրտ։
Ու թող մաղվի գլխիս մահվան արճիճը,
Երբ որ լսվի երկրագնդում — ծայրից ծայր,
Մեռնող Հոր ու ծնվող Մանկան սուր ճիչը…